Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում

ՀՀ իշխանությունը շարունակում է դասեր չքաղել իր սխալներից և մեղավորներ փնտրել կամ դրսում, կամ քաղաքական ընդդիմադիրների շրջանում: Փաշինյանի կիքսերն արդարացնող ԶԼՄ-ներից մեկը անդրադառնալով նրա կողմից «կիրթ և նորմալ» հռչակված Ալիևի հակահայկական հայտարարություններին, նշել է, թե Ալիևը ոչ ավելի, ոչ պակաս հիմար վիճակի մեջ է դրել Լավրովին և ինձ, քանի որ ես քննադատել եմ վարչապետի`Արցախը Հայաստան է և վերջ ձևակերպումը:

Եթե այս կարծիքն է գերիշխում իշխանությունների «փայլուն» ուղեղներում, ապա Արցախյան գործընթացում մեզ դժվար լավ բան սպասվի: Այսպես, նախորդ իշխանությունը քայլողներին ժառանգել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պարտադիր սկզբունք է:

Համանախագահները դեռ 2016թ. ապրիլին Երևանում նշել են, որ Արցախը պետք է մասնակցություն ունենա բանակցությունների վերջնական փուլին:

Նախորդ իշխանությունը Փաշինյանին փոխանցել է Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի օրակարգերը, որը, ի դեպ, հրաժարվում էր գործի դնել Ադրբեջանը: Իսկ հրաժարվում է նա, ում ձեռնտու չէ ձեռքբերվածը:

Ինչ ունենք 2018թ. մայիսից սկսած:

Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա, ինչին ի պատասխան հայկական կողմերն ստացան ԵԱՀԿ համանախագահողների դեղին քարտը:

Հրաժարվելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից` Փաշինյանը հրապարակ բերեց Դուշանբեի վերելակային րոպեական պայմանավորվածությունը:

Ուշադրություն, այս ամբողջ ընթացքում պաշտոնական Բաքվի քարոզչությունն ու առաջին դեմքերը խիստ քննադատում էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների քաղաքականությունը Արցախյան գործընթացում և դիֆերամբներ էին ձոնում Փաշինյանին` նշելով կարգավորման շուրջ մեծ հույսերի մասին:

Փաշինյանը Ալիևին հռչակեց «կիրթ և նորմալ» անձնավորություն: Ավելին, ՀՀ նոր իշխանության թեթև ձեռքով համանախագահների և կողմերի հայտարարություններում առկա «ինքնորոշման իրավունք» եզրույթը Միլանի հայտարարությամբ փոխարինվեց «արդար լուծում» եզրույթով: Սա խայտառակ հետքայլ էր, քանի որ Ստեփանակերտում արդար լուծում ասելով`մի բան են ակնկալում, Բաքվում`բոլորովին այլ:

Նիկոլ Փաշինյանն այսքանով չբավարարվեց և առաջ քաշեց մեկ այլ խայտառակ թեզ, թե կարգավորումը պետք է բավարարի և Հայաստանի, և Արցախի, և Ադրբեջանի ժողովուրդներին` գլուխ գովալով, թե ինքը առաջին հայ ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում: Բայց նույնիսկ սրանով Փաշինյանի աննախադեպ արկածախնդրության ցանկը չավարտվեց:

Նա, որ մեկուկես տարի առաջ պնդում էր, թե չունի Արցախի ժողովրդի մանդատը նրա անունից բանակցելու համար, Ստեփանակերտում հայտարարեց` «Արցախը Հայաստան է և վերջ»: Էմոցիոնալ, զրոյական արդյունավետությամբ այս ձևակերպումը մսխեց մեր հաղթաթուղթը`կառուցողականությունը և հնարավորություն տվեց համանախագահող ՌԴ-ին` մեղադրելու ՀՀ-ին բանակցային գործընթացը արգելակելու մեջ:

Վերջին 20 տարիների ընթացքում դուք չեք գտնի համանախագահ երկրների որևէ հայտարարություն, որտեղ մեղադրանք է հնչում ընդդեմ Հայաստանի: Սրանք են այն աննախադեպ ձեռբերումները, որ գրանցեց վարչապետ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ Հայաստանի դիրքավորումը բանակցային գործընթացում թուլացել է: Եվ դրա մասին է վկայում Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին: Սրանով պաշտոնական Երևանը հերքեց ստեփանակերտյան հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է և վերջ:

Բայց եթե Փաշինյանը նահանջեց, ապա նրա «կիրթ և նորմալ գործընկերը»` օգտվելով մեր բացթողումներից, Պուտինի ներկայությամբ հակադարձեց՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»՝ հիմար իրավիճակում թողնելով ՀՀ վարչապետին:

Հ.Գ. Ժամանակն է, ի վերջո, գիտակցել, որ սեփական փիառը պետք է ստորադասել պետական շահին, և ձախողումների համար մեղադրել ոչ թե բոլորին, այլ նաախևառաջ ինքդ քեզ:

Հ.Հ.Գ. Այս հրապարակումը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր ի վիճակի են վերլուծել, մյուսները ազատ են՝ դուխով ծափ տալու և վեր-վերի բռնելու:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ահա, թե ինչպիսի աննախադեպ ձեռբերումներ է գրանցել Փաշինյանը Արցախյան բանակցություններում ՀՀ իշխանությունը շարունակում…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 4 октября 2019 г.