Գեղեցիկ չէր. Արարատ Միրզոյանը Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի արտահայտության մասին

ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի մասին գեղեցիկ չէր. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Բայց վերջին ամիսներին մենք Հայաստանում տեսնում ենք բանավեճերի, քննարկումների մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնց կարիքը չկա: Ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները»,- ասաց Միրզոյանը:

Նա հավելեց. «Իմ մասնավոր կարծիքով՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին վիրավորելը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին «անուղեղ» անվանելը կամ որևէ նման այլ որակումներ տալը որևէ մեկին հիմք չեն տալիս նույն բառապաշարով, նույն կերպ հակադարձել նրան, տգեղ է»:

Իսկ Էթիկայի հանձնաժողով դիմելու  մասին հարցին Միրզոյանը պատասխանեց, թե կարծում է՝ Էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի համար է, չնայած, ըստ նրա, սա էլ է լուրջ դեպք:  «Եթե այս գործիքը սկսի տարածվել, այն կարող է մի յուրօրինակ մահակ հանդիսանալ պատգամավորների համար, և դա կարող է կաշկանդել նրանց քաղաքական գործունեության  համար և իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցում հայտնելիս»,- եզրափակեց նա: