«Մենք կարող ենք հանկարծ մի գիշեր գալ»․ Էրդողանը սպառնացել է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին։ «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ այդ երկրի ղեկավարը դժգոհություն է հայտնել, որ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը ձգձգվում է։ Անվտանգության գոտու ստեղծման ձգձգման մեջ նա անուղղակիորեն մեղադրել է ԱՄՆ-ին։

Անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, սակայն կողմերը մի շարք տարաձայնություններ ունեին։ Մասնավորապես դրանք առնչվում էին անվտանգության սահմանների և մի շարք այլ պայմանների հետ։

«Մենք չկարողացանք Եփրատի արևելքում հասնել ցանկալի արդյունքի։ Թուրքիան այս հարցում անգամ մեկ օր կորցնելու ժամանակ չունի։ Սեփական ճանապարհը շարունակելուց բացի այլ ելք չունենք։  Անկասկած մեր գործը հեշտ չի լինելու։ Մենք կարող ենք հանկարծ մի գիշեր գալ»։

Հիշեցնենք, որ «Մի գիշեր հանկարծ կարող ենք գալ» արտահայտությունը կիրառվել էր նաև 1974թ., երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոս կղզու մի մասը։

Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։