ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունում հավաքվել ենք, քննարկել ենք: Այսօր նայելով հիմնական դրույթները, փաստաթղթերը՝ տեսել ենք, որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, հիմնավորումները շատ թույլ են, և քանի որ ԱԺ-ն չէ որոշողը ՝ Թովմասյանը կմնա՞, թե կհեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով վճռեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,- ասաց Ծառուկյանը: