Չաքմաքչյանի Կոմիտասը փշուր-փշուր արեցին՝ եկեղեցականի հագուստի պատճառով

Կյանքի 86-րդ տարում մահացել է հանճարեղ հայ քանդակագործ, մտածող և մտավորական Արտո (Հարություն) Չաքմաքչյանը: Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991) Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։

Նրա քանդակները կարող էին զարդարել նաև Երևանի և Հայաստանի  մյուս քաղաքների զբոսայգիներն ու հասարակական վայրերը, բայց․․․ որոշ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում:

Ժամանակը նրա հանդեպ անհանդուրժող էր, Խորհրդային Հայաստանի սոցռեալիստական օրինաչափությունների ու կարծրատիպերի հետ չհամակերպվելով և հալածվելով՝ արվեստագետը 1975 թվականին որոշեց ընտանիքով հեռանալ Հայաստանից, որպեսզի շարունակի սիրել այդ երկիրը: Մեկնեց Կանադա` Մոնրեալ, ուր ապրեց մինչև կյանքի վերջին օրերը:

Այնինչ երբ ծննդավայր Եգիպտոսից 1948 թվականից ընտանիքով տեղափոխվեց Խորհրդային Հայաստան, 15-ամյա տաղանդավոր պատանին մեծ հույսեր էր կապում նախնիների բնօրրանի հետ։ Ընդունվելով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, հինգ տարի քանդակագործություն և գեղանկարչություն ուսանելուց հետո որոշ ժամանակ դասավանդել է այնտեղ: Այնուհետև ընդունվել է Գեղարվեստի ինստիտուտ։

1961 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում որպես հետազոտող աշխատանքի անցնելուց հետո երիտասարդ քանդակագործը առիթը բաց չի թողնում ճամփորդելու Հայաստանի շրջաններով`միջնադարյան հայկական վանքերի բարձրաքանդակները, հայ հին արձանագործական արվեստն ու ճարտարապետությունը ուսումնասիրելու նպատակով: Հենց այդ գիտարշավների ժամանակ էլ նա բազմաթիվ բացահայտումներ է արել  հայ քանդակագործության ոլորտում․ պիկասոյական, շագալյան հնարքներն ու օրինաչափությունները կիրառվել են հայ հին քանդակագործական արվեստում՝ նախքան եվրոպական քաղաքակրթության ի հայտ գալը:

«Ես հասկացա, որ արվեստի անկյունաքարը ոչ թե քո հայ լինելը կուրորեն հայտարարելու մեջ է, որը պարտադրում է, որ արվեստդ ևս պիտի հայկական լինի, այլ մեր անցյալի մշակույթն ուսումնասիրելու մեջ, որպեսզի հնարավոր լինի մի օղակ ավելացնել անցյալի մշակույթին: Մենք մի փոքր վրիպում ենք ազգայինի նկատմամբ, քանի որ ազգայինը տեսողական չէ, այլ զգացողական է, այն պետք է լինի մարդու էության մեջ ու նախևառաջ ներկայացնի մարդուն ու ոչ թե տարազը կամ դիմագիծը, քանի որ յուրաքանչյուր ազգային նախ մարդկայինն է»,- տարիներ առաջ մեզ հետ զրույցում խոստովանել է վարպետը:

Քանդակագործն այդ հանդիպմանը պատմեց, թե ինչպես են Կոմիտասի հարյուրամյակին նրան Կոմիտասի երեքմետրանոց արձան պատվիրել: Սակայն քանդակը շատ կարճ կյանք է ունեցել։ ՊԱԿ-ի աշխատակիցները արվեստանոցի շեմին փշուր-փշուր էին արել արձանը, քանի որ նրա Կոմիտասը եկեղեցականի հանդերձով էր:

Կանցնեն տարիներ և Դեթրոյթի Վերածննդի հրապարակում հանդիսավոր արարողությամբ կդրվի Արտո Չաքմաքչյանի կերտած Կոմիտասներից մեկը:

Մեր հայրենակցի ստեղծագործությունները զարդարում են աշխարհի հայտնի ցուցասրահները, նրա կերտած քանդակները տեղադրվում են աշխարհի հանրահայտ հրապարակներում ու վայրերում: Բայց նրա նվիրական երազանքը հայրենիքում ցուցադրվելն էր, ի վերջո այստեղ գնահատված լինելը:

«Ես ցանկություն ունեի իմ աշխատանքների մեծ մասը նվիրել Հայաստանին, որպեսզի նոր սերունդն իմանա, որ քանդակագործության մեջ ուրիշ ճանապարհ էլ կա, և բոլորովին հարկ չկա ռեալիստորեն պատճենել մարդկանց և իրերը,- ասել է վարպետը, երբ տարիներ առաջ մեր հանդիպմանը հետաքրքրվեցինք, թե ինչու հայ հասարակությունը ըստ արժանվույն չի ճանաչում և գնահատում քանդակագործին:- Դա անցած շրջան է`սովետական, այնինչ ժամանակը շարժվում է և իր պահանջներն է թելադրում արվեստագետին: Իսկ այստեղ շատ բաներ դեռ հին կաղապարի մեջ են մնացել: Գուցե նաև դա է պատճառը, որ քանդակներս Հայաստանին նվիրելու իմ ցանկությունը մինչ այսօր անարձագանք է մնացել»:

Բոդլերն ասում է, որ լավ դիմանկարը բնորդի դրամատիկականացված կենսագրությունն է: Արտոն իր գործերում աշխատում էր ընդգծել հենց այդ դրաման:

Թագուհի Ասլանյան