Ուկրաինայի ԱԳՆ-ի ձևակերպումները չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը, վկայակոչելով իրենց գործընկերների դիմումները,  օրեր առաջ վերահաստատել էր ավելի վաղ  նախարարության կայքում հրապարակված ինֆորմացիան, որը մասնավորապես վերաբերում էր ԼՂ Ուկրաինայի քաղաքացիների այցելելուն։

«Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք կորոշեն այցելել  Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Ցխինվալիի օկուպացված տարածքներ, ինչպես նաև դրանց հարակից տարածքներ, պետք է առաջնորդվեն Ադրբեջանի ու Վրաստանի օրենքներով»,-հայտարարել էր նախարարության մամուլի խոսնակ Եկատերինա Զելենկոն։

Հայաստանի ԱԳ նախարարությունից պատասխանել են վերոնշյալ հայտարարությանը․ «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,-ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։