Այսօր Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակն է (տեսանյութ)

Ականավոր բանաստեղծ Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919թ․ սեպտեմբերի 30-ին, Աշտարակ գյուղում։

«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ»,- խոստովանել է բանաստեղծը։

Գևորգ Էմինը 1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Սակայն Չարենցի հետ հանդիպումը փոխում է նրա մասնագիտական նախասիրությունը։ Պոլիտեխնիկն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։

1942-1944 թթ․ Գևորգ Էմինը ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին։ 1949-1950 թթ․ ուսումը շարունակել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։

Բանաստեղծի աշխատանքային գործունեությունը բազմազան է եղել ու բազմոլորտ։ 1951-1954 թթ․ աշխատանքի է անցել «Լիտերատուրնայա գազետա» թերթում։ 1954-1956 թթ․ ուսումը շարունակել է ԽՍՀՄ գրողների միությանը կից գրական բարձրագույն դասընթացներում։ Էմինը վերադարձել է  և 1968-ին աշխատել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր։ 1973-ից արդեն որպես ավագ գիտաշխատող Գևորգ Էմինն աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։

Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

«Հայֆիլմ» կինոստուդիան Գևորգ Էմինի սցենարով էկրանավորել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր «Պրոմեթևս-69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները տեղ են գտել 1984-ին լույս տեսած «Գիրք թարգմանությանց» գրքում։

Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում և թաղվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում։