ՀՀ-ը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունն ապահովելու համար. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը:  ՀՀ վարչապետի տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, միջոցառումը կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:

«Վստահ եմ, որ այս համաժողովը մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և խորացման արդի հիմնախնդիրները, առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղիները քննարկելու հիանալի հնարավորություն կընձեռի»,- իր ելույթում ասել է վարչապետը՝ հավելելով, որ ֆորումը հանդիսանում է լոգիստիկ սխեմաների վերաբերյալ տեսակետների փոխանակման արդյունավետ հարթակ:

Համաժողովն անցկացվելու է պանելային քննարկումների ձևաչափով: Համաժողովի ընթացքում որպես խոսնակ հանդես են գալու ԵԱՏՄ անդամ և գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարները, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահն ու նախարարները, ավտոմոբիլային փոխադրումների միջազգային ասոցիացիաների, բիզնես համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժն իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը:

Միջազգային համաժողովի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվելու նաև ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարները: Համաժողովի արդյունքներով հրապարկվելու է հռչակագիր: