Փարիզում Ժակ Շիրակի հիշատակի արարողությունն է. ներկա է ՀՀ ԱԳ նախարարը

Փարիզում վերջին հրաժեշտն են տալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին. հուղարկավորության արարողությանը մասնակցում են աշխարհի մոտ 80 երկրների ղեկավարներ:

Փարիզ են ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը և ուրիշներ:

Փարիզի Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը և Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին:

Շիրակի մերձավորների ու ազգականների ներկայությամբ անցկացվելիք հիշատակի արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են: Կեսօրին Ելիսեյան պալատում ճաշկերույթ կկազմակերպվի ի պատիվ Ֆրանսիա ժամանած երկրների ղեկավարների եւ նշանավոր քաղաքական գործիչների:

Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին: