ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանը կկատարի՞ իր խոստումը

LIVEnews.am-ն ընդունում է ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկը՝ մասնակցել նախարարի բանակից ազատման բժշկական փորձաքննությանը

 

Այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով արձագանքել էր  ԱՆ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գրառմանը։

Ստորև ներկայացնում ենք Ռուստամ Բադասյանի գրառումը և LIVEnews.am կայքի առաջարկ նախարարին։

«Լրագրողներին զանգելու և իրեն հարց ուղղելու խնդրանքով հանդես գալու և ոգևորված բառակույտ արտահայտելու նուրբ արվեստը:

Մարդկայնորեն հասկանում եմ տիկնոջը՝ ձախողված արդարադատության համակարգ, զրո բարեփոխում, միջազգային կառույցների կողմից բացասական գնահատականներ:

Նաև հասկանում եմ, որ միջազգային կառույցներին Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ որևէ բացասական գնահատական տալու չհաջողված փորձերը վերջնականապես վհատեցրել են տիկնոջը և այդ տիկինն, այլևս որևէ փաստարկ չունենալով անդրադարձել է նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իմ՝ բանակից ազատման թեմային:

Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը: Այս ամենից հետո, երբ որևէ արձագանք չկա, կրկին ու կրկին շահարկվում է բանակից ազատվելու օրինականությունը, հասկանում եմ թե որքան այլ բան փնտրել-գտնելու ձախողված փորձեր են եղել:

Հ.Գ. Կարծում եմ, որ կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն ԼՌԻ»:

 

LIVEnews.am կայքը պարտրաստակամ է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ բանակից ազատման թեմայի առնչությամբ,  ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի գրառման հնչեցրած այն մտքին, թե  «Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը», ընդառաջել Ռուստամ Բադասյանի պատրաստակամությանը, այն է՝ անցնել բժշկական փորձաքննություն լրագրողների ներկայությամբ, և այդ կապակցությամբ ապահովելով կայքի լրագրողների մասնակցությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ապահովել նաև ուղիղ եթեր։

LIVEnews.am կայքը վստահ է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավատարիմ է իր խոստմանը և որևէ այլ փաստարկով չի մերժի իր կողմից արված առաջարկը։

 

LIVEnews.am