Օղի թորողների փառատոնը՝ Կողբում (լուսանկարներ, տեսանյութ)

Կողբում անցկացվում է «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոն

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզի ամենամեծ համայնքում՝ Կողբ գյուղում առաջին անգամ անցկացվում է մրգօղու՝ (քաշած արաղի) «Սեպտեմբրֆեստ» փառատոնը: Այն նախաձեռնել է «Փի-Արտ» ընկերությունը Տավուշի մարզպետարանի և Կողբի գյուղապետարանի հետ։ Մտահղացումը քաղտեխնոլոգ, արմատներով կողբեցի Կարեն Քոչարյանինն է։ Փառատոնին մասնակցում են ոչ միայն Տավուշի մարզի, այլև Արարատի, Սյունիքի մարզերի, Արցախի բնակիչները։

Հյուրերը տեղում ծանոթանում են օղու թորման գործընթացին, գորգագործության, խեցեգործության և ազգագրական պարերի նրբություններին, մասնակցում մրցույթների: Համտեսում են այս տարածքի բերք ու բարիքը, մրգօղին, ազգային ուտեստները՝ համեմված ազգային երգուպարով։

«Թորած մրգօղին կարող է  նաև դառնալ հայկական արտահանման բավականին լուրջ բրենդ»,- կարծում է Կարեն Քոչարյանը։

Կազմակերպիչները վստահ են, որ փառատոնն ավանդական կդառնա, և զբոսաշրջիկները կայցելեն Հայաստան՝ հատուկ  «Սեպտեմբրֆեստ»-ին մասնակցելու համար։ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սա հարթակ է, որտեղ սահմանապահ գյուղացիները կշփվեն զբոսաշրջիկների, վերջիններս էլ կծանոթանան տեղի մշակութային արժեքների հետ»:

Կողբում աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնցից էլ գյուղացիները թորում են ավանդական տնական օղի, և փառատոնի ժամանակ նրանք հյուրերին կներկայացնեն սալորից, դեղձից, թթից, հոնից, ազնվամորուց, ինչպես նաև արքայանարնջից պաստրաստած օղիների տեսականին։

Փառատոնը կշարունակվի մինչև երեկոյան ժամը 19։00։

Опубликовано Septemberfest մրգօղու փառատոն Суббота, 28 сентября 2019 г.