Զոհրաբ Մնացականյանը և Ջավադ Զարիֆը քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցեր

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ՝ ընդգծվել է Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ են կատարել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր են գնահատել տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ է կատարվել Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը: