Փաշինյանն ինչ է քննարկել Սորոսից ֆինանսավորվող, ԼԳԲՏ-ների նկատմամբ հանդուրժողականություն ձևավորող Կարնեգիի հիմնադրամի փորձագետների հետ

Երեկ առավոտյան ռադիոյի լուրերով հայտնեցին, որ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կարնեգիի հիմնադրամի փորձագետների հետ: Մի կազմակերպության, որը Սորոսի հետ սերտորեն համագործակցելով, նրանից խոշոր ֆինանսավորում ստանալով, աշխատում է նաև տարբեր երկրներում ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների) շարժման նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ:

Ըստ ՀՀ կառավարության կայքի «Վարչապետ» բաժնում վերոնշյալ հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվության, «Վարչապետի` Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել միջազգային առաջատար փորձագետների հետ, քննարկել քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը և փորձագետները մտքեր են փոխանակել աշխարհում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Փորձագետները ՀՀ կառավարության ղեկավարին են ներկայացրել տարբեր ուղղություններով իրենց ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները»: Նաև առաջարկություննե՞րը… որոնց մասին կառավարության կայքում կարող էր չնշվել:

Վստահ եմ, որ բացի ինձանից, Կարնեգիի հիմնադրամի (մասնավոր ոչ առևտրային կազմակերպություն) փորձագետների հետ Փաշինյանի հանդիպման բուն նպատակը շատերին է հետաքրքրում, մանավանդ որ, թեկուզ անուղղակիորեն, արդեն իսկ հայտնի է Փաշինյանի դրական դիրքորոշումը Հայաստանում ԼԳԲՏ անձանց ու նրանց հովանավորների երազած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ: Դրա վերաբերյալ քննարկումները կարող էին լինել վերոնշյալ քաղաքական գործընթացներին առնչվող հարցերի, ժողովրդավարության հետ կապված իրավիճակի քննարկման շրջանակներում:

1903թ. մայիսի 11-ին ամերիկյան հայտնի մուլտիմիլիարդատեր և ֆիլանտրոպ Էնդրյու Կարնեգին կես միլիոն դոլարի չեկ է գրել «Խաղաղության պալատի» ստեղծման համար: Բարեգործի մտահղացմամբ, հենց այդտեղ պետք է գտնվեր հիմնադրամը, որի նպատակը պետք է լիներ անհրաժեշտ պայմանների ստեղծումն աշխարհի բոլոր երկրների համագործակցության համար, դիվանագիտության միջոցով ռազնական բախումների կանխումը և դադարեցումը:

1910թ. իր հիմնադրի 75-ամյա հոբելյանի պատվին հիմնադրամը ստացել է ևս 10 մլն դոլար ու սկսել է իր գործունեությունը` ստանալով «Կարնեգի Հիմնադրամը Միջազգային Խաղաղության համար» անվանումը: Բարեհունչ է հնչում, այդպե՞ս չէ… Բայց, թերևս, հենց այստեղ է ավարտվում այս կազմակերպության ողջ խաղաղապահ, դիվանագիտական առաքելությունը:

Այո, իր գործունեության առաջին իսկ օրվանից հիմնադրամը և ամբողջ աշխարհում բացված «Կարնեգի» կենտրոնները, որոնք, ըստ էության, հիմնադրամի մասնաճյուղերն են, հանդիսանում են մեկ մեծ և ազդեցիկ վերլուծական կենտրոն, որն, ի թիվս այլ գործառույթների, ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանի կամ երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակը: Եվ նաև ներառում է սեփական գրադարաններ, լրատվամիջոցներ, գիտնականներին օգնելու և քննարկումների հարթակներ: Չնայած նրան, որ հիմնադրամի ղեկավարությունը շատ հաճախ ասում է, թե կազմակերպությունն իր գործունեության մեջ բացարձակապես չեզոք և հնարավորինս օբյեկտիվ է, փաստերը ցույց են տալիս հակառակը:

2016 թվականին մի խումբ հակերներ` DC leaks (ԴիՍիլիքս) անվանմամբ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների նամակների հրապարակմամբ ՝ WikiLeaks-ի նմանակմամբ, բաց հասանելիությամբ հրապարակել են Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի ներքին տեղեկատվության արխիվը, հիմնադրամի՛, որի գործունեությունը, ինչպես նաև NED-ի գործունեությունը, Ռուսաստանի գլխավոր դատախազության կողմից ճանաչվել է որպես ՌԴ տարածքում անցանկալի: Տեղեկությունների շարքում եղել են փաստաթղթեր այն մասին, որ չնայած ֆինանսական գործունեության արգելքին, Սորոսի հիմնադրամը շարունակում է հովանավորել Ռուսաստանում տարբեր ՀԿ-ների, մասնավորապես, Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնը:

Զավեշտալի է, բայց նույնիսկ մի շարք լրատվամիջոցներում այդ տեղեկությունների հրապարակումից հետո որևէ մեկնաբանություն չեղավ այն անձանց կողմից, որոնք մեղադրվում էին Ջորջ Սորոսից գումար ստանալու մեջ: Ընդ որում, գումարների փոխանցման վերաբերյալ փաստաթղթերից բացի, կային տեղեկություններ, թե որոշակի ինչի համար են հատկացվել այդ միջոցները: Ահա այդ կապակցությամբ մի հակիրճ մեջբերում.

«Մենք կշարունակենք աջակցել երեք հիմնական ոլորտների ՝ մարդու իրավունքներին, լայն, անկախ տեղեկատվության մատչելիությանը և քննադատական քննարկումների և քննարկման հարթակների ստեղծմանը»:

«Բաց հասարակության հիմնադրամ»-ի (Սորոսի հիմնադրամ) համար մինչև հիմա կարևոր է մնում Ռուսաստանում ինչ-ինչ կազմակերպությունների ֆինանսավորելը: Ըստ հակերների հրապարակած նյութերի, «Բաց հասարակության հիմնադրամ»-ի ռուսական մարտավարությունը նմանակմամբ վերցնում է Կենտրոնական Ասիան:

Որպես օրինակ, ներկայացնենք այն հիմնական ուղղություններից մեկը, որը ֆինանսավորվել է Սորոսի կողմից Կարնեգիի մոսկովյան կենտրոնում, դա մարդու իրավունքների հարցում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումն է Ռուսաստանում:

Նախևառաջ, «Կարնեգի» կենտրոնի հիման վրա ստեղծվում են քննարկումների հարթակներ, կենտրոնի կայքում տեղադրվում են այդ թեմայի վերաբերյալ տարբեր հրապարակումներ, կենտրոնի փորձագետները, օգտագործելով իրենց ազդեցությունն ու լրատվամիջոցներին հասանելիությունը, փորձում են, որքան հնարավոր է, լայն հնչեղություն տալ այդ թեմային, տարածել տեղեկատվությունը: Դա արվում է նաև համախոհների բանակի, բլոգերներ գնելու և, իհարկե, գրանցված («հաստիքային») ընդդիմության միջոցով:

Ամենավառ օրինակը. 2016 թվականի հունիսի 12-ին ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքի գեյ ակումբում տեղի է ունեցել զանգվածային սպանության դեպք: Ինչպես պարզվել է ավելի ուշ, կատարվածն ահաբեկչական հարձակում էր, որը կատարվել է Իսլամական պետություն կոչված ահաբեկչական կազմակերպության (ԻԼԻՊ-ի) հետևորդների կողմից: Մի քանի օր չանցած, Կարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հայտնվել է գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովի (Ռուսաստանում բազմաթիվ ընդդիմադիր ԶԼՄ-ների նախկին աշխատակից) հոդվածը: Դրանում նա հավասարության նշան է դրել արմատական իսլամիստների ատելության և ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների ու Ռուսաստանում այս ապրելակերպի մերժման միջև` անհատականացնելով ռուսական իրողություններն ի դեմս նախագահ Պուտինի:

Թվում է, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը անձամբ է պատասխանատու սեռական հարաբերությունների ոլորտում քաղաքականության համար: Բայց նման համեմատության հաղորդագրությունը բոլորի համար պարզ է. գեյերին ահաբեկիչը գնդակահարել է, քանի որ նրանք ահաբեկչին դուր չեն եկել, և եթե նրանք ձեզ նույնպես դուր չեն գալիս, ուրեմն կիսում եք ահաբեկչի հայացքները:

Թեև սա կարող է նույնիսկ առաջին դասարանցու տրամաբանությանն էլ զիջել, չնայած իր ողջ անհեթեթությանը, ընդդիմադիրները` Նավալնիի ղեկավարությամբ, հոդվածն արագորեն տարածել են համացանցում: Նրանք կանգ չեն առել նույնիսկ այն բանից հետո, երբ շուտով ի հայտ է եկել ահաբեկչի մասին կարևորագույն տեղեկատվություն առ այն, որ նա ինքը արվամոլ է եղել: Եվ ինչպե՞ս կանգ առնեին, մեքենան արդեն գործի էր դրված, փողն արդեն վճարվել էր:

Հենց նույն սխեմայի համաձայն, Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի, ինչպես նաև գրեթե ողջ աշխարհում սփռված Կարնեգիի այլ կենտրոնների «փորձագետներն» աշխատում են տարբեր խնդրահարույց թեմաների շուրջ: Նշենք, որ Նյու Յորքում տեղի ունեցած վերոնշյալ հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը չէ «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: 2018թ. հուլիսին Փաշինյանն աշխատանքային այցով ժամանելով Բելգիայի Թագավորություն, առաջին իսկ այցելությունը կատարել է «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոն, ուր հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Արթուր Հովհաննիսյան

Վերևի լուսանկարում` Սորոսի և Կարնեգիի հիմնադրամների աջակցությամբ ոտքի ելած ԼԳԲՏ-ների շարասյունը Մոսկվայում 12.06.2012թ. բողոքի միջացառմանը:

Ներքևի լուսանկարում` Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Կարնեգիի հիմնադրամի մի խումբ փորձագետների հետ հանդիպելիս (լուսանկարը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքից):