ՊԲ ռազմավարական զորավարժությունների ժամանակ առաջնորդվում են Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան քառօրյայի դասերով

ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների և շտաբների կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեստի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում և 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը:

Անչափ  խրախուսելի է, որ ՊԲ որոշ զորատեսակներ, մասնավորապես՝ հակաօդայինները, ռազմավարական զորավարժությունների ընթացքում իրենց պատրաստակամության բարձր աստիճանը, տեսականին զուգահեռ, ցուցադրում են նաև գործնականում: Դրա ապացույցն է, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը   10.15-ի սահմանում Արցախի օդային սահմանը խախտած հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցումը Ակնայի պաշտպաական հատվածում: