Ստեփանակերտում կայացել է «Մայր Հայաստան XXI» և «Արցախի կանայք» ՀԿ-ների հանդիպումը

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել է հանդիպում՝ «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության և «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության անդամների միջև:

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանը: Նա նշել է, որ իրենց կազմակերպության նպատակն է աշխարհի մայրերի հետ միասին կանխել բռնություններն ու պատերազմները, քանի որ յուրաքանչյուր զավակի կյանք անգնահատելի արժեք է մոր համար:

«Մենք չենք ցանկանում, որ մայրերն այլևս լացեն, այլ ցանկանում ենք «մայրական գլխաշորը» վերածել ժամանակակից գործիքի՝ ընդդեմ բռնությունների և պատերազմների: Ժողովրդի, հայրենիքի, ազգային պատկանելության ու կրոնի հիմքում ընկած է մոր դերակատարությունը, ուստի եթե խոսենք մարդկության ապագայի մասին, այսինքն մեր երեխաների, ապա տրամաբանական է, որ հատկապես մայրերը պետք է գիտակցեն, որ կա միայն մի ելք՝ նվազագույնի հասցնել կորուստը՝ ի սկզբանե պայմանավորելով անթույլատրելիության սահմանները: «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպությունը գործում է մոտ երկու տարի, որի ընթացքում իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Մի շարք երկրներում ներկայացրել ենք «Մայրերի շարժում» խորագրով համաշխարհային ծրագիրը, որն էլ ընդունվել է բոլորի կողմից»,-մասնավորապես ասել է Գայանե Գասպարյանը:

Հանդիպմանը քննարկվել են թեմային վերաբերող խնդիրներ,հասարակական կազմակերպությունների անդամների կողմից հնչեցվել մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն իր ելույթում նշել է, որ արցախցի կանայք ամեն վայրկյան զգաստ կանգնած են իրենց ամուսինների ու զավակների կողքին՝ պատրաստ ամեն մի գործողության և այնքան հզոր են, որ չեն զիջում ոչ մի տղամարդու:

«Ներքին մտորումների մեջ եմ և ներքին մի ոգևորոթյուն ու մի տարակուսանք եմ ապրում: Ոգևորված եմ, որ բավականին պաթոսով, ռոմանտիկ տիկին եք, որ կարողանում եք լիարժեք ներկայացնել հայ կնոջ կերպարն ու արժանիքները: Ամեն օր մեր հայ կանայք հերոսանում են,- ասել է Արզիկ Մխիթարյանը և հավելել,- ես ուզում եմ հավատալ, որ իրոք ժամանակն է սկսել նմանատիպ շարժում, բայց միևնույն ժամանակ իմ պրագմատիզմը խանգարում է ինձ հավատալու, որ այսօրվա աշխարհաքաղաքական գերլարումների մեջ հայ մոր ուղերձը կարող է հասցեատեր ունենալ: Հայ կնոջ ճիչն այս աշխարհաքաղաքական ավերումների մեջ կարող է նույնիսկ ողորմելի թվալ: Սակայն շատ եմ ուզում հավատալ, որ մեր այս ցանկությունը կլսվի ու կընդունվի ինչ-որ տեղ»: