«Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող դասեր տալ Իսրայելին». Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ  հոլոքոստ իրականացնելու մեջ։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Էրդողանն առիթը բաց չի թողել՝ Իսրայելին մեղադրելու զավթողական քաղաքականության մեջ։ Թուրքիայի ղեկավարը Իսրայելին կոչ էր արել Գոլանի բարձունքները վերադարձնել Սիրիային։

Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ մասնավորապես ասված է.

«Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։

Հիշեցնենք, որ նախկինում նմանատիպ փոխադարձ մեղադրանքներ էլի եղել են Էրդողանի և Նեթանյահուի միջև։