Բացահայտվել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը:
Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0,5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1,5 կգ կեղծ ոսկու ձուլակտորներ՝ 27 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել:
Բացի դրանից, ըստ հավաստի օպերատիվ տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու անձ ձերբակալվել է, երրորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: