ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում կատարվում է պահեստազորայինների ընդունում (լուսանկարներ)

ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:

Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:

Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին: