ՌԴ պատվիրակության 10 անդամների ԱՄՆ-ը այցագրեր չի տվել

Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներ ամերիկյան այցագրեր չեն ստացել` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար: Այս մասին  հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ այցագրերը չեն տրամադրվել տեխնիկական պատճառներով, ռուսական կողմն այդ պնդումները չի ընդունում: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան իր պաշտոնական բողոքն է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներին ամերիկյան այցագրեր չտրամադրելու կապակցությամբ․ «ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալին կանչել ենք ԱԳ նախարարություն և նրան հայտնել ռուսական կողմի պաշտոնական բողոքը»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ մեկնելուց առաջ նշել է, որ նստաշրջանում իր հիմնական ելույթում կանդրադառնա այդ փաստին։ ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարը թեման պատրաստվում է քննարկել նաև ՄԱԿ-ի ղեկավարության և գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։