Լիբանանը հիշեցնում է. լիբանանցիներն ու հայերը ընդհանուր թշնամիներ ունեն

Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը մեր երկրում բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ: Համատեղ մամուլի ասուլիսում Լիբանանի նախարարի հայտարարությունները համարում եմ չափազանց կարևոր ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ մեր տարածաշրջանի համար: Ակնհայտորեն նախարար Աբու Սաաբը ժամանել է Երևան ոչ միայն քաղաքավարության և դիվանագիտական էթիկայից ելնելով, կա մեկ այլ առիթ․ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց «որքան հնարավոր է շուտ» Իսրայելում բացել Հայաստանի դեսպանատուն: Իսկ Լիբանանի կառավարությունն Իրանի անվերապահ դաշնակիցն է, ինչի կապակցությամբ մենք իրավունք ունենք ենթադրել, որ Թեհրանի խնդրանքով այդ որոշման նրբությունները պարզելու ուղղությամբ առայժմ զբաղվում է Լիբանանի կառավարությունը:

Սեպտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում նախարար Աբու Սաաբը շեշտեց, որ Լիբանանն ու Հայաստանը համագործակցում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարում: «Մեր մարտահրավերները հարավային սահմանում են, մենք փաստացի պատերազմում ենք Իսրայելի հետ, չնայած ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում: Իսրայելը օկուպացրել է Լիբանանի տարածքի մի մասը»,- հիշեցրեց բեյրութցի հյուրը: Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի UNIFIL առաքելությունը (ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում) գտնվում է այս գոտում՝ բաժանելով լիբանանյան և իսրայելական զորքերը: Եվ Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերում այս առաքելության շրջանակներում, նշել է Էլիաս Աբու Սաաբը: Իսրայելի կողմից վերջին խախտումը, նրա խոսքով, պայթուցիկներով անօդաչու սարքերի ուղարկումն էր, որոնք թռել են մինչև Բեյրութի հարավային արվարձանը: Անօդաչուներից մեկին լիբանանյան ուժերը կարողացել են խոցել: «Հայաստանն ու Լիբանանը նույնանման մարտահրավերներ ունեն: Հայաստանի սահմանները նույնպես պարբերաբար խախտում կամ սպառնում են խախտել անօդաչու թռչող սարքերը: Այս ուղղությամբ մենք կիսվում ենք հետախուզական տվյալներով և փորձով`մեր երկրները նմանատիպ կամ այլ հարձակումներից պաշտպանելու նպատակով»,- ասաց Լիբանանի պաշտպանության նախարարը:

Բացի Լիբանանի մեծ հայկական համայնքի և այն փաստի, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի նստավայրը գտնվում է այս երկրում, Լիբանանի հետ մեզ կապում է նաև այն հանգամանքը, որ հենց Լիբանանում են հայ զինվորները զբաղվում արդար խաղաղապահությամբ՝ UNIFIL առաքելության իտալական մասի կազմում: Եվ Լիբանանը դարձավ Իսրայելի հետ հակամարտության մեջ ներքաշված առաջին արաբական երկիրը, որտեղ առաջին անգամ մեր զինված ուժերը բացարձակապես օրինականորեն բարձրացրել են հայկական դրոշը: Դրանով ավելի արժեքավոր է Աբու Սաաբի կողմից Երևանում արած հայտարարությունների իրական իմաստը. Հայաստան, դու ունես անվտանգության նույն մարտահրավերները, ինչպես և Լիբանանը՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը…

Հարկ չէ գնահատական տալ, թե ՀՀ պաշտպանության նախարարությունում հասկացե՞լ են լիբանանյան նախարարի նրբանկատ ակնարկները, քանզի, իմ խորին համոզմամբ, սեպտեմբերի 20-ին մեզ հիշեցնում և նախազգուշացնում էր ոչ թե Աբու Սաաբը, այլ Իրանը, ճիշտ է՝ լիբանանյան նախարարի միջնորդությամբ:

Աբու Սաաբի խոսքերը ճիշտ տեղին են և ժամանակին: Մեր ներկայիս կառավարությունն է լիակատար ամնեզիա ցուցաբերում: Բայց մեր երկրի քաղաքացիները շատ լավ հիշում են, որ իսրայելական ԱԹՍ-երը և իսրայելացիները ներգրավված էին հայերի դեմ Ադրբեջանի՝ 2016-ի ապրիլյան ավանտյուրայի մեջ: Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd (ADS) ընկերության շուրջ սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, որոնք պատրաստվում էին նոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, խնդրել են Ադրբեջան ժամանած ընկերության աշխատակիցներին ցույց տալ նոր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները: Դրա համար օպերատորներին առաջարկվել է հարված հասցնել Արցախի հայկական դիրքերին: Իսրայելական օպերատորները, իբր, հրաժարվել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերության մենեջերները (իսրայելական բանակի պահեստազորայինները) ինքնուրույն սպառազինել են անօդաչուները և նշանառության տակ առել հայկական դիրքերը:

Ընթացիկ տարվա փետրվարին Իսրայելի Պաշտպանության նախարարությունը չեղարկել է Orbiter 1K ԱԹՍ-ների՝ Ադրբեջանին վաճառելու արգելքը, և իսրայելցիները Բաքվում բացել են իրենց արտադրական ընկերությունների ներկայացուցչությունները: Ադրբեջանը ակտիվորեն գնում է հատկապես իսրայելական հետախուզական և գրոհային ԱԹՍ-երը, մեր թշնամիների մոտ գործում են իսրայելական լիցենզիաներով ԱԹՍ-եր պատրաստող ձեռնարկություններ: Եվ այս ամենի համատեքստում պարզվում է, որ անհրաժեշտ էր Լիբանանի Պաշտպանության նախարարի ժամանումը Երևան, որը, ինչքան կարող էր, դիվանագիտորեն հասկացրեց՝ հայեր, մենք ունենք ընդհանուր թշնամի, որը դաշնակցում է Ադրբեջանի հետ: Այս իրավիճակում ինձ առայժմ հետաքրքրում են միայն երկու հարց. 1) Ե՞րբ է Իրանը Երևանին բացահայտորեն հայտնելու իր վերաբերմունքը Հայաստանի և Իսրայելի միջև «սիրավեպի» մասին: 2) Արժե՞ շտապել Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման հարցում, մանավանդ, որ Իսրայելը երբեք չի ցանկացել ունենալ իր դեսպանատունը Երևանում:

Սերգեյ Շաքարյանց