Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

ՀՀ դատախազության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաև նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում  նա սպառնացել է չտրամադրել  շինարարության իրականացման թույլտվություն:

Այդկերպ 2013թ. Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրվել է «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել շուրջ 600 000, մյուսին՝ 50 հազար դրամ: Մեկ այլ դեպքում 2013-2014 թթ․ ընթացքում Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունն օրինականացնելու և նոր շինարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրվել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1 500 000 դրամ:

Արդյունքում տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաև այդ գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաքննության ընթացքում ողջ ծավալով քննության առարկա կդառնա նշված բարեգործական հիմնադրամին նման եղանակով նաև այլ դրամական փոխանցումներ կատարված լինելու հավանականությունը, Ավան վարչական շրջանի ինչպես տվյալ, այնպես էլ այլ պաշտոնատար անձանց նմանատիպ հնարավոր գործողություններից այլ տուժողների առկայությունը, որի հիման վրա կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ: