«Դուք կարող եք կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ»․ Շոյգուն ռուս-թուրքական համագործակցության մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում խոսել է ռուս-թուրքական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերից և առհասարակ երկկողմ  հարաբերություններից։

Ռուսական թերթի լրագրողը, հարց է ուղղել Շոյգուին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող զենքերը մի օր թուրքական կողմը չի օգտագործի հենց Մոսկվայի դեմ։ Ապա  օրինակ է բերել, թե ինչպես 2015-ին Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական ինքնաթիռը, ինչի պատճառով երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին։

«Ամեն ինչ փոփոխական է։ Ընդհանուր առմամբ ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք։ Կպատասխանեմ՝ մեջբերելով հին ասացվածքը, որ հարևաններին չեն ընտրում։ Դուք կարող եք ձեզ համար կին և ընկերներ ընտրել, բայց՝ ոչ հարևաններ։ Հարևանների հետ պետք է ապրել խաղաղության և համերաշխության մեջ և ինչ-որ կերպ համատեղ ապահովել ընդհանուր տարածության անվտանգությունը։ Այսօրվա պայմաններում Ռուսաստանը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր և սպառնալիքներ, ահաբեկիչների տեսքով։ Ինչպես փորձն է ցույց տալիս, համատեղ սպառնալիքների դեմ ավելի լավ է պայքարել միասնաբար»։