Բակո Սահակյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ՀՀ վարչապետին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության»:

ՀՀ նախագահին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը:

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն և մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: