Իրանին «վախեցնելու» ԱՄՆ-ի մի փորձ ևս․․․

Այս օրերին աշխարհն ականատես դարձավ երկու ոչ միանշանակ, բայց փոխկապակցված գործընթացների: Եվ կրկին ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-Իսրայել տանդեմի և Իրանի միջև առճակատումը: Մի քանի օր առաջ բրիտանական դատարանը մերժեց Իրանի դեմ ԱՄՆ-ի հայցադիմումը, պաշտոնական Վաշինգտոնը վերադարձավ Իրանի քաղաքների և Իրանի զինված ուժերի դեմ ռազմական հարված հասցնելու սպառնալիքների քաղաքականությանը: Այս անգամ առիթ հանդիսացավ… եմենցիների կայծակնային հարձակումը Սաուդյան Արաբիայում մի շարք նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) վրա: Սաուդյան Արաբիայի ՆՎԳ-ում հրդեհները չեն նվազում, գրեթե ամեն ինչ կրակի տակ է: Սպիտակ տունը այդ հարվածներում մեղադրել է… Իրանին:

Եվ սա այդ գործընթացներից միայն մեկն է: Պարադոքսը հետևյալում է. Իրանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը և նույնիսկ Շվեյցարիայի միջոցով բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ պետդեպարտամենտին: Եմենի ռազմական ղեկավարությունն (Եմենի ապստամբ շիաների (հուսիթյանների) կառավարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ) անմիջապես ընդունեց, որ հենց Եմենի անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) են հարվածել թիրախներին Սաուդյան Արաբիայի տարածքում: Հարվածներն ուղղված են սաուդցիներին սթափեցնելուն, որպեսզի նրանք դադարեցնեն Եմենի տարածքի մի մասի օկուպացումը: Դեռևս 2015-ին գրել էի սաուդցի օկուպանտների և Եմենում հումանիտար մեծ աղետի մասին։ Այժմ ՄԱԿ-ը արդեն հրապարակել է այն փաստը, որ Եմենում պատերազմի տարիներին ավելի քան 65 հազար երեխա է մահացել վերքերից և սովից: Ուրիշ ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ՝ եմենցիներին և Իրանին հավատալու և համոզվելու համար, որ Եմենում արդեն ոչ միայն հումանիտար աղետ է, այլև իրական ցեղասպանություն:

Ընդ որում, նույնիսկ Սաուդյան Արաբիան է լռում հարձակումներին Իրանի մասնակցության վերաբերյալ: «Սաուդյան Արաբիան դեռևս չգիտի, թե ով է կանգնած Saudi Aramco օբյեկտների վրա հարձակումների հետևում, կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ պատասխանատուներին պարզելու համար»,- «Ալ-Ջազիրա» քաթարյան հեռուստաալիքի տեղեկացմամբ, նշել է թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը։ Սա չի խանգարում ԱՄՆ-ին՝ մեղադրել հենց Իրանին․ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչուների հարձակման ֆոնին «պատրաստ է Իրանի դեմ պատերազմի»: Իսկ արաբների շրջանում, ըստ երևույթին, ոչ միայն խուճապ է, այլև հասունացել է սթափվելու պահը: Քուվեյթի խորհրդարանի նախկին անդամ և պաշտպանության նախարարի խորհրդական շեյխ Նասեր ալ-Դուվեյլին հայտարարել է․ «Թրամփը խաբում է ձեզ: Նա չի գնա Իրանի դեմ պատերազմի: ԱՄՆ-ը պարտվեց նույնիսկ Աֆղանստանում: Այնպես որ, Թրամփին միայն փող է պետք: Ոմանք իմ հայտարարությունները դավաճանություն են համարում: Նրանք ատում են ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը դառն է: Մի հավատացեք Թրամփին: Եթե ​​պատերազմ սկսվի, արաբական նավթ չի մնա, և մենք կվերադառնանք նախնադարյան դարաշրջան»:

Ոմանց կարող է թվալ, թե Վաշինգտոնի հակաիրանական հռետորաբանության հերթական դիմումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը, Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո, Իրանի ղեկավարությանը կրկին առաջարկել է «նոր բանակցություններ»։ Սա անհեթեթություն է, բացի դրանից, սեպտեմբերի 18-ին Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին, խոսելով Իրանի աստվածաբանական ակադեմիաներից մեկում, հստակորեն հայտարարել է. «Թեհրանը չի բանակցելու ԱՄՆ հետ»: Նշելով, որ ամերիկացի պաշտոնյաները տարբեր տեսակետներ ունեն բանակցությունների վերաբերյալ, այաթոլլահ Խամենեին ավելացրել է. «Երբեմն նրանք անվերապահ բանակցությունների մասին են հայտարարում, երբեմն 12 պայման են առաջ քաշում: Սա կամ նրանց երկդիմի քաղաքականության հետևանք է, կամ էլ դավադրություն է՝ մյուս կողմը մոլորության մեջ գցելու նպատակով: Իհարկե, Իրանը չի շփոթվի այս հարցում, քանի որ մեր ճանապարհը ճիշտ է և արդար»,- հաղորդում է Fars News գործալությունը: Վերջ, ինչպես ասում են, «կինո չի լինելու»…

Իսկ ահա երկրորդ գործընթացը զարմանալի է և բազմաշերտ: Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ Եմենի անօդաչուների՝ սաուդյան ՆՎԳ-ների վրա հարձակումներից հետո… նավթի գներն աճեցին: Եվ պարզվեց, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը համաշխարհային շուկայում իրենց նավթը «փոխարինեցին» սաուդցիների նավթով: Այո, և ԱՄՆ-ը նույնպես: Սեպտեմբերի 18-ին, ռուս գրող, կոնսպիրոլոգ, ոմն Մաքսիմ Կալաշնիկով, գրել էր, որ թե Իրանը, և թե Ռուսաստանը կարող էին տեղյակ լինել Եմենի հարձակման մասին: Եվ, որպես անուղղակի ապացույց, հղում է կատարում «Կասկածելի գործարքներ նավթի ֆյուչերսների հետ. «գուշա՞կ» է հայտնվել մոսկովյան բորսայում» հրապարակմանը, որտեղ կան այսպիսի տողեր. «Թրեյդերները լրջորեն քննարկում են ոմն առևտրական-միլիարդատիրոջ, ով կասկածելիորեն հաջողված «խաղաց» Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա անօդաչուների գրոհից մի քանի օր առաջ…»։ Այնպես որ, հուսիթյանների հարձակումը Սաուդյան Արաբիայի դեմ, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի հերթական սպառնալիքները, մինչ այժմ միայն բազմաթիվ հարցեր են առաջացնում…

Սերգեյ Շաքարյանց