Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է, ստուգվում է միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ,- գրել է խորհրդականը:- Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»: