Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Կատարինա Մատերնովին

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական և հետևողական աջակցությունը։

Երկուստեք ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորագույն խթան: Կողմերը մտքեր են փոխանակել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ են  կատարել կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին։ Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրել է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը և վերջինիս արդյունավետ համակարգումը:

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Արևելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև փոխգործակցության զարգացման և ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր են փոխանակել նաև նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ: