Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է  սեպտեմբերի  15-18-ն  անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։

Ինչպես տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարում ներկայացվել են  ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։

Նախարար Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել   ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաև նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։