Վերանորոգվում է Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքի դպրոցը․ բացումը նախատեսվում է հոկտեմբերին

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքի դպրոցի վերակառուցման աշխատանքներն սկսվել է 2019 թվականի մայիսից. այն ընթացքի մեջ է:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դպրոցի վերակառուցման պլանի մեջ մտնում է երկու հարկերի վերանորոգումը:

«Առաջին հարկում տեղակայված կլինեն դահլիճը, ռազմագիտության և համակարգչային դասասենյակները, տնօրենի կաբինետը և ուսուցչանոցը, իսկ երկրորդ հարկում՝ 10 դասասենյակ և գրադարան: Կրթօջախի պայմանները համապատասխանելու է ժամանակակից բոլոր պահանջներին: Դպրոցի համար ԱՀ կառավարությունը տրամադրելու է նոր կահույք։ Մեր հիմնադրամի միջոցներով նախատեսում ենք հետագա ծրագրերի շրջանակներում դպրոցին տրամադրել նաև կենսաբանության և բուսաբանության լաբորատոր հավաքածուներ»,-մասնավորապես ավելացրել է Մ. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դպրոցի բացումը նախատեսվում է հոկտեմբերի առաջին օրերին: