Ե՞րբ և ի՞նչ են ուտում երեխաները մանկապարտեզում

Երևանում այսօր գործում է համայնքային 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 28 հազար երեխա: Այստեղ են փոքրիկներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում և սնվում օրը երեք անգամ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեռ տարվա սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սննդի մատակարարման մրցույթ. այս տարի 18 մատակարար կա:

«Ամենօրյա ուշադրության կենտրոնում են մանկապարտեզները, հատկապես՝ մատակարարվող սնունդը, դրա բարձր որակը, ժամկետայնությունն ու մակնշումը: 2019թ. մի շարք մանկապարտեզներում փոխվել են մատակարարները: Ավագանու նիստում բարձրացվել էր նաև հացի հետ կապված խնդիրը, ինչը մենք լուծել ենք և զրկել ենք այդ ընկերությանը հացի մատակարարման իրավունքից»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Մանկապարտեզներում վաղ առավոտյան առաջինն ստանում են հացը՝ հատուկ մեքենաներով, փաթեթավորված և նույն օրվա արտադրության:

Բոլոր սննդատեսակներն առաքվում են առանձին՝ հատուկ հարմարեցված մեքենաներով: Մսամթերքը՝ տավարի միսն ու հավի կրծքամիսը, կաթնամթերքն ու շուտ փչացող այլ մթերքների առաքումը կազմակերպվում է սառեցման համակարգով մեքենաներով:

«Առավոտյան 8.30-ին դուրս ենք գալիս, որովհետև 6 ժամվա ընթացքում պետք է հասցնենք առաքել ամբողջ մսամթերքը. մենք այն չենք պահեստավորում»,- ասում է մատակարար Հայկ Սարիբեկյանը:

«Ստուգում ենք անպայման, որ համապատասխանի չափարոշիչներին, նոր միայն ընդունում ենք»,- նշում է «Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Մնացական Մնացականյանը:

«Երևանի քաղաքապետարանն առաջնորդվում է մի շարք իրավական ակտերով, և եթե որևէ սնունդ չի համապատասխանում չափորոշիչներին՝ վերադարձնում ենք և ցանկացած դեպք արժանանում է մեր ամենակոշտ վերաբերմունքին»,- ընդգծում է փոխքաղաքապետը:

Մանկապարտեզներում մթերքը պահվում է խոհանոցին կից պահեստներում. կաթնամթերքը, մսամթերքն ու բանջարեղենը՝ առանձին սառնարաններում: Ճաշացանկը կազմելիս պարտադիր կերպով հաշվի են առնում, թե որ տարիքային խմբի երեխաներին ինչպիսի և ինչքան վիտամիններ ու այլ օգտակար նյութեր են անհրաժեշտ:

Ամեն առավոտ բոլոր ծնողները կարող են տեսնել օրվա ճաշացանկը. այն փակցվում է մանկապարտեզի մուտքի մոտ՝ տեսանելի վայրում: Ցանկում անպայման թարմ մրգեր են, բանջարեղեն, նաև տեղում պատրաստվող կոմպոտներ ու կարկանդակներ:

Յուրաքանչյուր ճաշատեսակից վերցնում են փորձանմուշներ, որոնք պահվում են 48 ժամ:

Երևանի ավելի քան 10 մանկապարտեզում մեր նկարահանումների ընթացքում լուրջ խախտումներ չարձանագրեցինք: Բայց որոշ թերություններ, այնուամենայնիվ, մեր աչքից չվրիպեցին:

«Քննարկում ենք նոր ճաշացանկ ունենալու խնդիրը: Խնդրել ենք մանկապարտեզների տնօրեններին՝ ներկայացնել նաև իրենց առաջարկները հաջորդ տարի ցանկում նաև նոր մթերքներ ընդգրկելու համար»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումն առաջնային է, սակայն պակաս կարևոր չեն նաև պայմանները: Բոլոր խոհանոցները վերանորոգված են, սալիկապատված, ապահովված մշտական հոսող սառը և տաք ջրով: Սակայն մանկապարտեզներում դեռևս ընդհանուր վերանորոգման, իսկ խմբասենյակներում՝ տաք ջրի խնդիր կա: Քաղաքի հաջորդ տարվա անելիքների մեջ շուրջ 20 մանկապարտեզի հիմնանորոգումն է ու ևս երեքի հիմքից կառուցումը: