Ստեփանակերտում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի երկրորդ փառատոնը

Հոկտեմբերի 4-6-ը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկազմակերպվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային երկրորդ փառատոնը:

Այս մասին, «Արցախպրես»-ի տեղեկացմամբ,  ասել է նախագծի հեղինակ,  արվեստի անկախ համադրող, Երևանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի ծրագրերի ղեկավար Աննա Կամայը և ավելացրել, որ փառատոնի այս տարվա թողարկումը ներառելու է ֆիլմերի դիտում-քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ/վարպետաց դասեր և մասնակցային ընթրիք։

Նրա խոսքով՝ փառատոնի այս տարվա «Նախշուն Բաջի» խորագրով թողարկման թեման է կինը և հակամարտությունը։

Ա. Կամայը նշել է, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերնդի ապրած ժամանակահատվածում: