Փաշինյանի կամոք ֆինանսավորվածների իրական թիրախն Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են լինելու

Իսկ մինչ այդ նրանք այնտեղ բավական կթրփոշանան

ՀՀ կառավարությունը ս. թ. օգոստոսի 22-ին, ինչպես հայտնի է, որոշեց 33 մլն 680 000 դրամ տրամադրել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին: Նշված կազմակերպություններից առաջինը հիշյալ գումարից ստանալու է 16 200 մլն դրամ:

Ավելի քան 33 մլն դրամը, ըստ պաշտոնական ձևակերպման, հատկացվել է սեպտեմբերի 8-ին Արցախում ՏԻՄ ընտրություններին վերոնշյալ կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, որի ցանկությունը հայտնել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Ընդ որում, գումարը հատկացվել է 2019թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից՝ վերոնշյալ կազմակերպություններին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու նպատակով:

Կարծում ենք, հասկանալի է, որ հիշյալ գումարի հատկացմամբ, առաջին հերթին, կատարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքը, որն այդ կապակցությամբ ասել է. «Ինչպես հայտարարել եմ, Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, իր հերթին, լրագրողներին պարզաբանել էր, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը, նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:

Հայաստանում և Արցախում դեռ այն ժամանակ շատ մարդիկ չհավատացին, թե հիշյալ կազմակերպություններին պետական ֆինանսավորում հատկացնելու (ինչը, ի դեպ, հենց Փաշինյանի հավաստմամբ, աննախադեպ իրողություն է) նպատակն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանն աջակցելն է: Նրանց կարծիքով, իրական նպատակն ընտրություններին մասնակցող թեկնածուներին, նրանց համակիրներին, ընտրողներին միմյանց դեմ տրամադրելը և Արցախում խառնակչություն, երկպառակություն առաջացնելն է կամ էլ հիշյալ կազմակերպություններին Արցախում ամուր հաստատվելու, ոտքերի տակ հողը պնդացնելու նպատակով աջակցելը`խառնակչական նույն առաքելությունը Արցախում 2020թ. կայնալիք նախագահական և Ազգային ժողովի առավել նշանակալից ընտրությունների ժամանակ իրականացնելու նպատակով:

Ժամանակը ցույց տվեց, որ խելքին մոտ կարող է լինել վերոնշյալ ենթադրություններից կամ վարկածներից վերջինը: Նկատենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» «Կազմակերպության առաջին փորձաքարը կլինի դիտորդական առաքելությունը և ընտրողների կրթությունը սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում» (ընդգծումը` մերը):

Ընդգծենք` չի բացառվում, ավելին` նույնիսկ միանգամայն հավանական է, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տարի ևս հիշյալ կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնի, ընդ որում, շատ ավելի մեծ գումարի`Արցախում արդեն համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

«Սորոսականները միշտ Արցախում ներկայացված լինելու ցանկություն են ունեցել և վերջին 2 տարում իրենց կողմից Արցախի նկատմամբ բավական լուրջ ակտիվություն է նկատվել,- ըստ politik.am-ի հրապարակման, ասել է ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:- Հիշեցնեմ՝ Արցախի իրավապահների և շատ «պատահաբար» Արցախում հայտնված կապույտ մազերով աղջկա միջադեպը, որից սկսեց այն նարատիվը, թե Արցախում մարդու իրավունքերի պաշտպանությունը և ժողովրդավարությունը վատ վիճակում է գտնվում: Այդ կեղծ օրակարգը սկսելուց հետո Սորոսի վարձու մարդիկ անմիջապես ձեռնամուխ եղան Արցախում իբր խախտված ժողովրդավարությունը վերականգնելուն»:

Իսկ ֆեյսբուքյան «Իրարանցում» էջը օգոստոսի 29-ին հանդես է եկել «Արցախը ներսից և դրսից կրծողները» վերտառությամբ հետևյալ հրապարակմամբ.

«Ներկա իշխանությանը շատ են քննադատում Արցախի նկատմամբ տարվող քաղաքականության համար և նշում, որ նրանց գործունեությունը սնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական գաղափարներից: Ի պատասխան այս քննադատությունների՝ իշխանավորները նշում են, որ իրենք հող հանձնող չեն, բայց նրանք չեն ուզում կամ չեն կարողանում հասկանալ, որ խոսքն իրականում Արցախը հենց վաղը ֆիզիկապես թշնամուն հանձնելու մասին չէ:

Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 33 միլիոն դրամ է դնում Սորոսի ՀԿ-ների գրպանը և նրանց ուղարկում Արցախ՝ արտահանելու համար «հեղափոխության» ամենավատ արժեքները, նա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս ամենի նպատակը Արցախում տարիներով ձևավորված արժեհամակարգի կործանումն է, քանի որ Արցախի զարգացումը հենց դրա վրա է հիմնված: Հենց նման քայլերից է սկիզբ առնում ամեն բան:

Գաղտնիք չէ, որ ներկայիս տեղեկատվական և տեխնոլոգիական դարում, միշտ չէ, որ պատերազմն ընթանում է մարտի դաշտում և միայն զինվորների մասնակցությամբ, ուստի կարելի է ենթադրել, որ սորոսական ՀԿ-ները մեր թշնամու դեսանտն են, որը մենք մեր հարկերի հաշվին իջեցրել ենք Արցախ՝ թույլ տալով ներսից այն հասցնել գաղափարական այնպիսի քաոսի, որ անհրաժեշտության դեպքում թշնամու դեմն առնող չլինի: Չէ՞ որ Արցախյան ազատամարտը և Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեցին, որ պատերազմում հաղթում են ոչ թե ահռելի քանակությամբ ռազմատեխնիկան և մեծաթիվ զորքը, այլ սեփական հողի համար կյանքը տալուն պատրաստ զինվորն ու հրամանատարը»:

Հաշվի առնելով, որ դրամաշնորհներ ստացած վերոնշյալ կազմակերպությունների ընտրության շուրջ հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում կարծիքները միանշանակ չէին, և օբյեկտիվորեն հնչում էր հարցը, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես այս երկու կազմակերպությունները, 168.am-ը պարզաբանում էր խնդրել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հարցերին գրավոր պատասխանել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը: Նրա պատասխանում մասնավորապես նշված է.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ղիտորդական առաքելություն իրականացնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին դրամաշնորհ հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։

Մասնավորապես, հաշվի են առնվել կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը, որոնք հանգուցային դեր են զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հաշվի է առնվել նաև այն, որ կազմակերպությունների կանոնադրական նպատակներից է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացումը, դրանց որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը, կազմակերպությունների ղեկավար մարմինների որևէ կուսակցության անդամ չլինելը, ՀԿ-ների՝ այլ պետություններում առնվազն երկու տարբեր համապետական ընտրություններին իրականացրած դիտորդությունը, վերջիններիս մոտ դիտորդական առաքելություն իրականացնելու մեթոդաբանության առկայությունը, ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման փաստը, դիտորդական առաքելությունների իրականացման գործում այլ ՀԿ-ների հետ համագործակցությունը և այլն»։

Կառավարության հիշյալ վարչության պատասխանը, թե դրամաշնորհ հատկացնելու կառավարության որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նաև այդ կազմակերպությունների կողմից որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքին չսատարելը, որևէ քննության չի դիմանում առնվազն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի մասով:

Հիշենք, որ հենց վերոնշյալ ՀԿ-ի «Փաստերի ստուգման հարթակ» հորջորջված կայքը ս. թ․ մարտի 12-ին հանդես եկավ «Այլասերվածության քարոզչության արգելքի վերաբերյալ պնդումները կեղծ են» վերտառությամբ հրապարակմամբ: Հիշյալ կայքը դրանով փորձեց կիսաճշմարտությունը ներկայացնելու, իրականությունը կեղծելու, մանիպուլյացիայի միջոցով թաքցնել, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունումը` օրենսգրքի նախագծի չփոփոխված 197-րդ հոդվածով հանդերձ, նշանակելու է այլասերման քարոզի արգելքի, երեխա որդեգրելու ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) անձանց դիմումը մերժելու կամ խտրականության այլ դեպքերում արգելողի, մերժողի, այսինքն` սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած առումով խտրականություն կիրառողի քրեական պատասխանատվություն:

«Փաստերի ստուգման հարթակ» կոչվածն այս կերպ փորձեց սատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Այսինքն`փորձեց նրանց պաշտպանել մեր հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում հեղինակազրկումից` նկատի ունենալով, որ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ հանդիսացող արդարադատության նախարարը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ ս․ թ․ մարտի 4-ին կայացած հանդիպման ընթացքում նրանց հավաստել է, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ընթացքի մեջ են և, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակ» կայքի միջոցով լրատվական գործունեություն է իրականացնում հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որի ծրագրերի համակարգողը մեր հանրության մի մասին ոչ անհայտ, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունից (Սորոսի հիմնադրամ) 2016-2018 թթ․ ընթացքում ահռելի գումարներ ստացած Դանիել Իոաննիսյանն է:

Արթուր Հովհաննիսյան