Հիսուսի խաչափայտի, նրա ու նույնիսկ նրա մասունքների հրաշագործ զորության մասին

Ինչպես տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տիրոջ փրկարար խաչին նվիրված տոներից Խաչվերացը կամ Սուրբ Խաչի տոնը, որը նաև հինգ տաղավար տոներից մեկն է:

Խաչվերացի տոնը նշվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Տոնին հաջորդող երկուշաբթին սահմանված է որպես ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)»:

Հիսուսի խաչափայտի, նրա ու նույնիսկ նրա մասունքների հրաշագործ զորության մասին տարբեր պատմություններ կան, դրանցից մեկը շարադրված է Անանուն զրուցագրի (կարծեցյալ Շապուհ Բագրատունի) «Պատմություն» (Երևան 2011 թ.) աշխատության մեջ: Ըստ այդմ, Հերակլես թագավորը բանակ էր դրել Կարին քաղաքում և սկսել էր այն պարսպի կառուցումը, որ քանդել էր Պարսից Խորիան զորավարը: Հերակլ արքան միացրեց Հայոց, Վրաց և Աղվանից, Միջագետքի, Հունաց և Փրանկաց զորքերն ու առաջ շարժվեց, գնաց Վասպուրական:

Լսելով այդ մասին, Սյունեաց տիկինը, որի անունը Բյուրեղ էր, ընդառաջ եկավ Հերակլ արքային և բերեց ոսկե թանկարժեք իրեր, թանկագին հագուստներ, բազմաթիվ ձիեր, ջորիներ, հազար պատերազմական զրահ, չորս հարյուր ոսկեկուռ զենքեր և հազար սաղավարտ: Իր հետ բերեց նաև երեք հազար ռազմիկներ: Եվ նա գեղեցիկ ու չափազանց իմաստուն կին էր և հաճություն պատճառեց Հերակլ արքային:

Հերակլը շարժվեց, եկավ հասավ Պարսից աշխարհ, և նրա հետ տասը բյուր ռազմիկ այրեր: Խոսրով արքան լսեց Հոռոմոց արքայի գալու մասին և կազմեց իր զորքն ու ելավ նրա դեմ պատերազմի: Եվ բանակ դրեց Թավրեժի դաշտում, իսկ Հոռոմոց զորքերը հարձակվեցին նրա վրա եև բռնեցին Պարսից արքային ու շղթայեցին երկաթե կապանքներով: Եվ գնացին այն քաղաքը, որտեղ նստում էր Խոսրովն ու շրջապատեցին այն: Եվ երեք օրում գրավեցին քաղաքն ու քանդեցին նրա միջնաբերդը: Եվ բացելով նրա գանձատունը, Հերակլն այնտեղ գտավ Քրիստոսի Փրկչական Խաչը ու մեծ ուրախություն ապրեց: Եվ բազում ավար առնելով, նաև գերեվարեց Պարսից ողջ երկիրն ու անապատ դարձրեց՝ թափուր թողնելով մարդուց ու անասունից, և քշեց գերության:

Եվ գտնելով Քրիստոսի Փրկչական Խաչը, ամբողջ զորքը հավաքվեց, երկրպագեց նրան: Իսկ թագավորն ինքն էր խունկը մատուցում ու օրհնում Աստծուն: Եվ մեծ ուրախությամբ մեծ տոնախմբություն կատարեցին այդ օրը, որ սահմի ամսի տասն էր (Ինչպես նկատել է այս պատմության հետազոտողնեից Աշոտ Հունանյանը, Հայոց սահմի (3-րդ) ամիսը 628-630 թթ. ընկնում էր օգոստոսի 21-ից սեպտեմբերի 19-ը, առկա է որոշակի անհամապատասխանություն իրական ամսաթվի և բնագրում նշվածի միջև):

Վերադարձավ Հերակլը Հայոց երկիրն ու եկավ բանակեց մեր երկրում, Արտազի դաշտում՝ Սանատրուկի քաղաքի մոտ, որ Շավարշանն է:

Եվ Սյունեաց տիկինն ընդառաջ եկավ Հերակլ արքային ու բերեց ավելի շատ նվերներ, քան առաջին անգամ: Եվ Հերակլ արքան ասում է. «Ո՜վ կին, դու ահագին չարչարվեցիր, ասա՛ ինձ, փոխարենն ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ»: Սյունիքի տիկինն ասում է. «Ո՜վ արքա, քեզնից ինձ ոչ մի բան պետք չէ»: Հերակլ արքան նրան ասում է. «Որչա՞փ մեծ ես դու, որ քո չարչարանքը ես տանեմ անձամբ: Խնդրի՛ր ինձնից երկիր կամ մեծատոհմիկ ամուսին, կտամ քեզ գավառ, քաղաք և կամ մեծաքանակ ոսկու և արծաթի գանձեր, ձիեր, ջորիներ»: Տիկինն ասում է. «Ինձ ոչինչ պետք չէ քո ձեռքից, արքա՛, բայց եթե կամենում ես ինձ պարգևներ տալ, ապա նախ և առաջ պիտի քեզ ասեմ, թե ում նմանեցրի ինձ կամ քեզ»: Արքան ասում է. «Ասա՛, որ լսեմ»: Տիկինն ասում է. «Դու նման ես ճանապարհորդ մարդու, իսկ ես նման եմ հյուրընկալ օթևանի: Ով գալիս է ճանապարհից, նա ընդառաջ գնալով ընդունում է նրան և նրա առջև սեղան է դնում ու իր ողջ կարողության չափով կերակրում ճանապարհորդ մարդուն, իսկ սա իր բեռնաբարձ ունեցվածքից է մի բան հանում ու տալիս նրան, ով հյուրընկալել է: Արդ, տեր իմ արքա՛, եթե քո ունեցած պարգևներից մի մասունք կտաս՝ տու՛ր, իսկ եթե ոչ՝ ուրիշ բան պետք չէ»:

Արքան հրաժարվելով, ասում է. «Չեմ կարող տալ քեզ, ինչ որ խնդրում ես»: Եվ տիկինը վեր կացավ, խոնարհվեց արքային ու առաջանալով գնաց իր ճանապարհը: Իսկ Հերակլ արքան ասաց. «Ի՞նչ անեմ Սյունեաց բարեպաշտ տոհմի և հավատարիմ կնոջ համար, քազի նա բազմաշատ ծախսեր արեց իմ առջև, բայց տրտում ու դատարկ դարձավ, գնաց, չարիք գործեցի»:

Եվ այնտեղ էր Հովհան Մայրագոմեցին (կամ՝ Մայրավանեցին. 7-րդ դարի նշանավոր եկեղեցական գործիչ և մատենագիր.- Ծ. Հ.)՝ մի իմաստասեր մարդ, որին արքան սիրում էր՝ նրա սուրբ լինելու համար: Հովհանն ասաց. «Տեր իմ արքա՛, հապա ինչու՞ այժմ չկատարեցիր նրա խնդրանքը»: Իսկ արքան ասում է. «Ինչպե՞ս կկարողանամ սուր մոտեցնել Քրիստոսի կենսաբեր խաչափայտին, երբ այնքան չարչարանքով կարողացա Պարսից գերությունից ազատել այն»: Հովհանն ասում է. «Ո՜վ արքա, լսի՛ր ինձ ինչ որ կասեմ: Սուրը դի՛ր Խաչի պահարանի մեջ և Սյունեաց տիկնոջն ասա՛, թող նա աղոթք անի, և եթե Սուրբ Նշանը կամենա, Սուրբ Հոգին կտա նրան իր խնդրածը»:

Հերակլ արքան լսեց և մարդ ուղարկեց, հետ դարձրեց Սյունեաց տիկնոջն ու ասաց. «Ո՛վ կին, դու մեծ հոգս դարձար ինձ համար: Բայց այժմ սուրը կդնենք Խաչի պահարանի մեջ, իսկ դու վերցրու քո եպիսկոպոսներին և քահանաներին և աղոթք արա՛. Եվ եթե Տէր Աստծուն հաճո թվա, մասունք կտա քեզ Իր Խաչափայտից՝ ըստ քո հավատքի չափի»:

Եվ տիկինը խոնարհվեց արքային: Այդժամ Հերակլը հրամայեց բերել Խաչանշանը: Եվ բացելով թանկագին ակներով ընդելուզված ոսկե արկղը, որի մեջ գտնվում էր Սուրբ Խաչափայտը, արքան սուրը դրեց նրա մեջ և կնքեց այն իր մատանիով:

Եվ երբ արեգակը մայր մտավ, Սուրբ Նշանի առջև եկան տասներկու եպիսկոպոսներ, Հովհան Մայրագոմեցին ու բազմաթիվ քահանաներ և ամբողջ գիշեր հսկում կատարեցին մեծ չարչարանքով, աղաչանքներով, սաղմոսներով և օրհնությամբ մինչև առավոտ: Որից հետո Հերակլ թագավորը եկավ և բաց անելով Խաչի պահարանը, տեսավ, որ Խաչից երկու մասունքներ կտրվեցին ու ապշեց, զարմացավ կնոջ հավատքի վրա: Եվ ասաց արքան. «Ո՜վ դու կին, մեծ է քո հավատքը և երանի է սուրբ Գրիգոր Լուսավորչի ժողովրդի վիճակին»:

Եվ տիկինն առավ Խաչանշանը, որ նրան շնորհվեց Աստծուց, ու առաջ ընկավ` գնալու իր տունը: Եվ երբ գնաց իր ճանապարհը, անցավ նաև Արտազ գավառի այն դաշտի միջով, որը Հացիվն են կոչում:

Եվ երբ դեռ իր ճանապարհն էր գնում, խաչանշանը տանող ոսկեպատ կառքի ջորին հանկարծ նստեց ու նրան շարժելու որևէ հնար չեղավ ո՛չ եպիսկոպոսներին և ո՛չ քահանաներին: Եվ ո՛չ էլ տիկինը կարողացավ տեղից շարժվել, երբ գիրկն առավ արկղը, որի մեջ դրված էր Քրիստոսի Սուրբ Խաչանշանը: Նա լաց եղավ հորդահոս արտասուքով և ասաց. «Ո՜վ Տէր իմ, Հիսուս Քրիստո՛ս, ինչո՞ւ զրկեցիր ինձ այն սիրելի, ցանկալի գանձից, որն ինձ ավանդեցիր, քանի որ ես ցանկանում էի տանել սա իմ հայրենի բնակավայրը: Սակայն նույնապես Դու ես Տէրը և այդ է Քո պատգամը, թէ՝ «Ուրիշները թո՛ղ վաստակեն, իսկ այլոք ուտեն և այլոք՝ բնակվեն»:

Եվ ապա եկավ մի միայնակեաց մարդ, որ բնակվում էր Հացիվնեաց լեռան վրա. և գալով ասաց տիկնոջը. «Ո՜վ բարեպաշտուհի տիկի՛ն, Աստված հրամայեց, որ այդ Սուրբ Խաչն այս տեղում բնակություն հաստատի»: Եվ տիկինն սկսեց ու վանք կառուցեց Խաչանշանի համար: Նաև գնեց Հացիվն կոչվող բերդավանը և Ռունգն բերդն ու դրանք նվեր տվեց Սուրբ Նշանի վանքին, իսկ ինքը գնաց իր երկիրը: Եվ սահմանեցին, որ այն օրը, երբ ջորին Սուրբ Նշանի կամքով նստեց, մեծահանդես տոն կատարեն և ամեն տարի նույնն անեն՝ խոյեր ու զուարակներ մորթելով ի պատիվ Սուրբ Նշանի:

Պատրաստեց` Արթուր Հովհաննիսյանը