Երևանում տեղադրվել են պլաստիկ թափոնների տեսակավորման ամաններ

Սեպտեմբերին Այ Էս Էս Դի «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ), «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրել է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 4 սորտավորման ամաններ, կտեղադրի ևս 9-ը։ ISSD ՀԿ-ի տեղեկացմամբ, ամանները տեղադրվել են հետևյալ տարածքներում՝

Խաչքարերի պուրակ (1 հատ)

Հյուսիսային պողոտա (2 հատ)

Կարապի լիճ (1 հատ)։

«Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018-ի հունիսին՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ISSD ՀԿ-ն իրականացրել է թափոնների սորտավորման աշխատանքներ 200-ից ավելի կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագրի աջակիցներից են Երևանի քաղաքապետարանը, «Կոկա Կոլա» հիմնադրամը, ՀՀ կառավարությունը։