Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի հերթական հաղթանակը դատարանում

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հերթական հաղթանակն է գրանցել դատարանում։ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Վ. Ս.-ն դիմել էր Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից անհիմն կերպով իր աշխատանքային պայմանագրի լուծման խնդրով՝  ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու նպատակով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի աջակցությամբ հայցվորը դիմեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իր հասանելիք միջին աշխատավարձը։

2019թ. սեպտեմբերի 6-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց բավարարել Վ.Ս.-ի հայցն ընդդեմ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի․ անվավեր ճանաչել ՊՈԱԿ-ի տնօրենի` Վ. Ս.-ին աշխատանքից ազատելու մասին հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում և «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Վ. Ս.-ի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։ Հեռ՝ 010 42 67 41, 096 99 66 04, հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20: ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: