Նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն. Վահրամ քահանա Մելիքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը անդրադարձել է BBC լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը։

«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար և անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։

Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:

Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց և պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրեին  BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, թե Հայ Առաքելական Եկեղեցին հայտնվել է պառակտման եզրին: