Զբոսաշրջիկները հետաքրքրված են Քաշաթաղով (լուսանկար)

Վերջին տարիներին Արցախի Քաշաթաղի շրջանը ձգում է տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների: Այս մասին գրել է ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթը։

«Ճիշտ է՝ առայժմ մեծ չէ զբոսաշրջիկների քանակը, սակայն կարևորն այն է, որ մեր շրջանը ճանաչում է գտնում՝ որպես նաև զբոսաշրջության վայր: Այս ամռան ընթացքում գերմանացի զբոսաշրջիկներ եկան և եղան Ծիծեռնավանքում ու հարակից վայրերում, ոտքով հասան մինչև Սյունիքի Խնածախ գյուղ: Վերջերս Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքից մեր հայրենակիցները՝ Ալեքսանդր և Լուսիկ Կարիբջանյան ամուսիններն էին Քաշաթաղում: 10-օրյա ուղևորությամբ են Մայր հայրենիքում: 2 գիշեր մնացին Բերձորի «Ադեի տուն» հյուրատանը: Իմ ուղեկցությամբ շրջեցին Աղավնո գետի հովտում՝ այցելելով Ծիծեռնավանք, «Տաք ջրեր», Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ-Քաշաթաղ գավառի մելիքական նստավայր Մելիքաշեն գյուղ, որտեղ պահպանվել է Մելիք Հայկազյանների 15-րդ դարի մելիքական ապարանքը, որն այժմ գործում է որպես հյուրատուն: Մինչ Աղավնոյի հովիտ հասնելը՝ Բերձորում այցելեցինք Սուրբ Համբարձման եկեղեցի: Ալեքսանդրին հատկապես տպավորեց եկեղեցու արևելյան պատի դրսի կողմում քանդակված արծվի տակ գրվածը. «Թաղեցեալք լինիմք և ոչ խոնարհիմք» նախադասությունը: «Ահա թե որն է մեր ժողովրդի գոյատևելու գաղտնիքը,-ասաց Ալեքսանդրը՝ հավելելով,- պատահական չէր, որ 150 000 բնակիչ ունեցող փոքրիկ Արցախը կարողացավ խալխլել Սովետական կայսրության հիմքերը»: Բերձոր-Աղավնո ճանապարհին հյուրերին ներկայացրեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից տարիներ շարունակ կազմակերպված ծառատունկերի արգասիքը՝ մոտ 2 տասնյակ պուրակներն ու ծառուղիները: Հյուրերը ծանոթացան այդ պուրակների ստեղծման պատմությանը՝ որը ու՞մ հիշատակին կամ ի՞նչ առիթով է կայացել: Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի թևավոր խոսքերը քանդակված են նրանց անվան պուրակներում կանգնեցված հուշաքարերին: Աղավնո գետի հովտում մեր հայրենակիցներին ծանոթացրեցի հայոց այս երկրամասի պատմությունը և որոշ հնավայրեր, որոնք այդ պատմության հաստատողներն են: Մինչ մելիքական ապարանք հասնելը՝ Աղավնո գետի հովտի բնակչության կողմից արդեն «Սիրահար ծառեր» կոչվող տարածքում մեր հյուրերը տեսան իրար փաթաթված ծառերը, որոնք կարծես պահում են հսկա ժայռը: Այստեղ միջնադարում գոյություն է ունեցել Արահուձ հայոց գյուղը՝ ծվարած գետի ձախափնյա ժայռակերտ բլուրների տակ: Գյուղը ժայռերի տակից ձգվել է մինչև գետի ափ: Տարածքի հայաթափումից հետք քրդաթուրքերը քանդել են հայոց շենը, որտեղ նաև եկեղեցի է եղել, և գետի աջ ափին՝ բերրի հողատարածքում նոր գյուղ հիմնել՝ անվանակոչելով Մալիբեյ: Այստեղից ճանապարհը տանում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղ, որը նույնպես ժամանակին եղել է Մելիք Հայկազյանների նստավայրը: Այստեղ նույնպես կա մելիքական ապարանք: Մալիբեյի տեղում միջնադարում բերրի այգիներ ու բանջարանոցներ են եղել: Այդ մասին է վկայում այն, որ Խնածախից իջնող Աղավնոյի վտակի վրա միջնադարում ոռոգման ջրատարներ են կառուցել՝ ջուրն անցկացնելով հատուկ պարիսպների՝ ադվեդուկների վրայով, ժայռերի տակով: Վտակի վերջում կա մոտ 10 մետր բարձրությամբ ջրվեժ՝ գեղեցիկ ու ուղղաձիգ իջնող: Իր ողջ ընթացքում այս վտակի ջուրը մաշել է բազալտե ժայռը և այժմ ցած է թռչում կիսակլոր ժայռից: Մելիք Հայկազյանների ապարանքից պահպանվել են սենյակներ, բացօթյա պատշգամբ՝ թաղածածկ տանիքով, կամարակապ պատուհանով, որտեղից հիանալի տեսարան է բացվում՝ սրածայր ժայռեր և Աղավնո գետը: Ապարանքի երբեմնի աշտարակը և պարիսպները նույնպես պահպանվել են: Տարիներ առաջ ապարանքի տարածքը մաքրելիս հայտնաբերվեց 2 մասի կիսված խաչքար, որի արձանագրությունը տաշված է: Այնուամենայնիվ՝ Հայոց հուշակոթողը հիացնում է գեղաքանդակ իր տեքով: Ծիծեռնավանքում երկար մնացին հյուրերը, նրանց հետաքրքրում էր ամեն ինչ՝ Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ տաճարը՝ կառուցված 4-րդ դարում, տաճարի սյուններն ու պատերը, պատուհանները, դրանց վրա արված քանդակներն ու արձանագրությունները, ավանդատները: Ալեքսանդրը ծանոթ էր Ծիծեռնավանքի պատմությանը, սակայն երբ լսեց անվանակոչության հետ կապված լեգենդներն ու ավանդույթը, տեսավ միջնադարյան նահատակների գերեզմանները, եկեղեցու բակի տապանաքարերը, խաչքարերը, առավել ոգևորվեց: Այցելեցինք նաև վանքի թանգարան: Հաջորդ կանգառը «Տաք ջրեր» տեղամասն է՝ 3 տաք աղբյուրներով: Մինչ այստեղ հասնելը՝ հյուրերին ծանոթացրեցի գետի աջ ու ահյակ ափերին գտնվող հնադարյան ամրոցների հայտնաբերման, դրանց ուսումնասիրման, կատարված պեղումների մասին: Հեռվից տեսան 9-րդ դարի Վարազգոմի վանքը: Ցանկացանք հասնել 12-րդ դարի Մկնատամի Խաչ եկեղեցի, դրանից մոտ 2կմ հեռու ընկած Սթունիսի եկեղեցիներ, որոնցից մեկն, ըստ հնագետների, կառուցվել է 4-9-րդ դարերի ընթացքում, մյուսը՝ 18-րդ դարում: Սակայն ճանապարհը քանդվել էր մի պարզ պատճառով: Աղավնոյի վրա կառուցվում են փոքր հիդրոէլեկտրակայաններ: Աշխատանքների ընթացքում գետի վրա շինարարները կամուրջ են կառուցել՝ ջրից քիչ բարձր: Գետի վարարումների ժամանակ մեծ քանակությամբ փայտեղեն է դեմ առնում կամրջին, և ջուրը դուրս է գալիս ափերից ու ողողում դեպի Սթունիս ու Սյունիքի մարզ տանող ճանապարհի սկիզբը: Անցած տարի ևս զբոսաշրջիկների խումբը նույն պատճառով չհասավ Մկնատամի Խաչ եկեղեցի, որը թառած է ժայռակերտ բլրի վրա՝ Աղավնոյի աջ ափից մոտ 1կմ հեռու: Եկեղեցին ժամանակին հայտնի է եղել իր բուժիչ հատկություններով, այստեղ ուխտի են եկել «Մկնատամ» հիվանդություն ունեցողները և բուժվել: Կա տեղեկություն՝ նաև մահմեդականներն են այստեղ ու Ծիծեռնավանք ուխտի գնացել: Վարազգոմի վանքի տարածքում բացի կենտրոնագմբեթ և երկխորան եկեղեցուց, պահպանվել են մի քանի խաչքար ու տապանաքար՝ հին շինությունների ավերակներում: Կան նաև քարայրներ, որոնք ժամանակին եղել են բնակելի: Սրբավայրը գտնվում է Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր հրվանդանի վրա՝ գետից մոտ 2 կմ արևելք: Հյուրերին տեղեկացրեցի, որ Վարազգոմի վանքի եկեղեցին առանձնանում է հատկապես ճարտարապետական հորինվածքով՝ երկխորան է: Սրբատունն այժմ գտնվում է խիստ վթարային վիճակում, ունի հիմնանորոգման, թեկուզ ամրացման կարիք: Մինչ «Տաք ջրեր» հասնելը՝ Մոշաթաղի գյուղական համայնքի Բերդիկ գյուղում կանգ առանք վերջերս հայտնաբերված ամրոցատեղիի մոտ, որի վրա միջնադարյան և խորհրդային տարիների այլ շինություններ են կառուցվել: Այնուամենայնիվ՝ պահպանվել են ամրոցի բուն պարիսպների հատվածներ: Տարածքում կան նաև դամբարաններ: Այստեղից դեպի հյուսիս սարահարթ է, որն ամբողջւթյամբ պատված է հնավայրերով՝ դամբարաններ, պարիսպներ, բնակատեղիներ, հեթանոսական տաճարի ավերակ և այլն: Բերդիկից ճանապարհը բարձրանում է վեր և բաժանվում 2 մասի՝ մեկը ձգվում է Հակ և այլ գյուղեր, մյուսը մտնում Աղավնոյի կիրճ, որտեղ են «Տաք ջրերի» 3 ավազանները: Ձորափին կա հարթ ոչ մեծ տարածք, որն աչքի է ընկնում հնադարյան կառույցների հետքերով: Այստեղ նույնպես ՀԷԿ կա, որի ջրատար խողովակաշարն անցել է հնավայրի տարածքով: Հին ու նոր քարերը խառնվել են իրար, միևնույն է՝ զգացվում է՝ այս մասում միջնադարում մարդիկ են ապրել: Իջնում ենք ցած. չեմ սխալվել. ամրոցատեղի է: Գետի ձախակողմյան զառիթափ ափը ժայռեր ունի, որոնք օգտագործել են որպես ամրություն, իսկ այն մասերը, որոնցով հնրավոր է բարձրանալ, պարսպապատ են: Միջնադարյան պարսպապատերը լավ են պահպանվել՝ որոշ հատվածներ մամռապատ են: Դիմացը Հերիկ պատմական գյուղն է, որի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, սակայն շենքի հյուսիսային պատի մեջ դուռ կա, որը տանում է խաչաքանդակ քարանձավ: Սա հուշում է՝ քարանձավն ավելի հին ժամանակ է եղել սրբատեղի: Մեր հայրենակիցներին ուղեկցեցի Աղավնոյի աջափնյա ջրվեժ, որ սկիզբ է առնում ափամերձ բարձրադիր քարանձավներից բխող աղբյուրներից: 10-15մ բարձրությամբ ջրվեժը հրաշալի տեսարան ու տրամադրություն է ստեղծում, և ցանկացած ոք կցանկանա ժամերով այստեղ մնալ: Վերադարձին հյուրերին ներկայացրեցի Միրիկ գյուղի պատմությունը և նրա մոտ գտնվող ամրոցի հայտնաբերման, կատարված պեղումների մասին: Միրիկում պահպանվել է նաև 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին, իսկ գյուղի հարևանությամբ ամբողջովին հնավայրեր են, պատմական հուշարձաններ: Գյուղից մոտ 2 կմ արևմուտք գտնվել է ժայռապատկեր, որն, ըստ հնագետների, տարածքի 3-5 հազարամյա քարտեզն է: Հաջորդ օրը Կարիբջանյանները ծանոթացան Բերձոր քաղաքի պատմությանը, այցելեցին Քաշաթաղի երկրագիտական թանգարան, Արցախյան գոյամարտի հուշահամալիր: Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում ծանոթաղան գյուղի պատմությանը, զրուցեցին ուսուցիչների, տնօրենի, աշակերտների հետ: Շրջեցին գյուղի Արիավան նորակառույց թաղամասում: Ընթացքում իմացան տարածքի ազատագրական մարտերի մասին: Ալեքսանդրը տեղեկացրեց՝ իր և կնոջ նախնիները Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Կարսի տարածքից և բնակություն հաստատել Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 100 և ավելի տարիների ընթացքում իրենց գերդաստանը պահել է հայկական ավանդույթները: Օտարների հետ չեն ամուսնացել: Յուրաքանչյուր տարի 10-15 օրով այցելում են Մայր հայրենիք, լինում Արցախում: Ունի 2 որդի, 6 թոռ: Չնայած Արմավիրում հայկական դպրոց չկա, սակայն աշխատում են պահպանել մայրենի լեզուն, ինքնուրույն սովորում են հայերեն գրել ու կարդալ: Ցավ է ապրում, որ այժմ շատ հայեր հեռանում են Հայաստանից և բնակություն հաստատում օտար ափերում: Հավատում է՝ կգա օրը, և հայությունը տուն կվերադառնա: Կեսօրին Ստեփանակերտ մեկնելուց առաջ ասաց՝ կաշխատեն՝ ուրիշների ևս ուղղորդել Արցախ և անպայման՝ Քաշաթաղի շրջան»:

Զոհրաբ Ըռքոյան

ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ