Փաշինյանը կամ անտեղյակ է, կամ ստում է

Ամուլսարի առնչությամբ մեր նախորդ հրապարակումներից մեկում`

«Ամուլսարի հարցում վարչապետը և իր թիմից ոմանք նման են աեորոբուսի ղեկին նստած գինեկոլոգի», արդեն իսկ նշել էի, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում   հայտարարելով, թե առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, կամ դրսևորում է իրականությունից իր անտեղյակությունը, ինչը սովորաբար բնորոշ է բոլոր նրանց, ովքեր Քաջ Նազարի պես տիրանում են երկրի ղեկավարի աթոռին, կամ պարզապես ստում է: Նշելով, որ իրականում Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու բազմաթիվ իրավական հիմնավորումներ կան, միաժամանակ խոստացել էի ներկայացնել դրանք:

Այդ հիմնավորումներից մեկն ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով («Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»), ինչպես նաև «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2015 թ. ապրիլի 22-ի թիվ 428-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով («Եթե նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն չի սկսվում փորձաքննական եզրակացությունը տալուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա եզրակացությունը կորցնում է ուժը, և պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն»):

Ինչպես հայտնի է, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի (այժմ`«Լիդիան Արմենիա» ՓԲԸ) կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փաստաթղթին ՀՀ բնապահպանության նախարարության (այժմ` շրջակա միջավայրի նախարարություն) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» թիվ ԲՓ-35 եզրակացությունը («Պետական փորձաքննական եզրակացություն») տվել է դեռ 2016թ. ապրիլի 29-ին, հետևաբար ակնհայտ է, որ նշված եզրակացությունը կորցրել է ուժը, քանի որ հիշյալ ընկերությունը փորձաքննական դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի սկսել նախատեսվող գործունեությունը (տվյալ պարագայում` հանքարդյունահանումը):

Շահագրգիռ կողմը, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խորամանկում են ու հիշյալ օրենքի և կառավարության որոշման իմպերատիվ պահանջը փորձում են շրջանցել այն սին և անհեթեթ պատճառաբանությամբ, թե նախատեսվող գործունեությունն այս դեպքում հանքարդյունահանման նախապատրաստական աշխատանքն է, հանքը շահագործման նախապատրաստելու նպատակով իրականացվող շինարարական աշխատանքը` կառուցումը): Ինչ է` նախարարը մոռացե՞լ է, որ ինքն օրենքը մեկնաբանելու լիազորություն չունի:

Եթե շահագրգիռ կողմի` վերոնշյալ կեղծիքը ճշմարտության տեղ սաղացնելու շահը հասկանալի է, ապա, բնականաբար, հարց է առաջանում` ո՞րն է նախարարի շահը…

Նախարարի վերոնշյալ պատճառաբանությունը չի դիմանում որևէ քննության: Ահավասիկ. վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածի («Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները») 1-ին մասի 7-րդ կետով նախատեսվող գործունեությունը սահմանված է որպես «շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում» (այստեղ կարևոր է նկատի ունենալ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը միայն հանքարդյունահանմանը չի վերաբերվում):

Ինչպես ակնհայտ է, նախատեսվող գործունեության վերը նշված տեսակներն օրենսդիրը սահմանել է որպես գործունեության առանձին տեսակներ, մեկը մյուսի բաղկացուցիչ չէ, հետևաբար չի կարելի ասել, թե Ամուլսարի հանքավայրում ու համալիրում շինարարական աշխատանքները (կառուցում) հանքարդյունահանման (շահագործում) բաղկացուցիչ մասն են: Այս առումով միակ բացառությունն օրենքի 14-րդ հոդվածում է:

Հիշյալ օրենքի 14-րդ հոդվածի («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը և նախատեսվող գործունեության տեսակները») 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը»:  Չորրորդ մասի «Ա կատեգորիան ներառում է» ընդերքօգտագործման բնագավառում մետաղական օգտակար հանածոների առումով` «երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում», «մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում և (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ներառյալ՝ պոչամբարներ կամ պոչատարեր», ինչպես նաև «ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում», «օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա)»:

Ինչպես ակնհայտ է, կառուցումը, որպես նախատեսվող գործունեություն, վերոնշյալ ցանկում նշված չէ (այն նշված չէ նաև 4-րդ հոդվածի «Բ» և «Գ» կատեգորիաների ներքո գտնվող ցանկերում): Ինչ վերաբերվում է պոչամբարներ կամ պոչատարերի կառուցմանը, որը, ըստ 4-րդ հոդվածի, «մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում» նախատեսվող գործունեության կազմում է, ապա հենց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հայտարարության համաձայն, Ամուլսարը չունի պոչամբար (նշենք, որ մեր նախկին հրապարակումներում «պոչամբար» բառը գրել ենք, որպեսզի ընթերցողների համար հասկանալի լինի, որ խոսքն այն վայրի մասին է, որտեղ հանքի շահագործման դեպքում լցվելու են թափոնները): Տրամաբանական է, որ եթե Ամուլսարը չունի պոչամբար, ապա չունի նաև պոչատարեր, հետևաբար Ամուլսարի պարագայում որպես նախատեսվող գործունեության սկիզբ պետք է համարել միմիայն մետաղական օգտակար հանածոյի (ոսկու և արծաթի) արդյունահանումը, որը փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի սկսվել, ընդ որում, այդ ժամկետը լրացել է դեռ մինչև տեղի բնակիչների կողմից Ամուլսար տանող ճանապարհների շրջափակումը:

Վերը շարադրվածը նշանակում է, որ «ԳԵՈԹԻՄ» (այժմ` «Լիդիան Արմենիա») ՓԲԸ-ին տրված 29.04.2016թ. ԲՓ-35 փորձաքննական եզրակացությունը ՀՀ կառավարության հիշյալ որոշման հավելվածի 15-րդ կետի իմպերատիվ պահանջով դեռ 2017 թվականի ապրիլից կորցրել է իր ուժը, և պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն: Այս պայմաններում, առանց նոր փորձաքննական դրական եզրակացության, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարում աշխատանքների շարունակումը կնշանակի ապօրինություն, ՀՀ օրենսդրության պահանջի կոպիտ ոտնահարում, թերևս նաև` դրա համար ընկերության պատասխանատուի կողմից ինքնիրավչություն կամ քրեորեն հետապնդելի մեկ այլ արարք:

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու մեկ այլ և շատ կարևոր հիմք փորձաքննական եզրակացությունը տալուց հետո էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալն է, որոնց կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան