Երկու պաշտոնանկությունների հետքերով

Աշխարհը ականատես դարձավ միաժամանակ երկու հրաժարականի: Խոսքը ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մասին է։ Չեմ վկայակոչի հրաժարականների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները Մոսկվայից և Վաշինգտոնից։ Պուտինի հրամանագրով Կրեմլը ստորագրել է Ռուսաստանի արտգործնախարարության «մոխրագույն կարդինալներից» մեկի՝ արտաքին գործերի փոխնախարարի և ՌԴ ԱԳՆ պետքարտուղար Գրիգորի Կարասինի հրաժարականը: Մեկ այլ հրամանագրով Պուտինը Եվգենի Իվանովին նշանակել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում: Չգիտեմ, պետք է արդյոք վստահել կիևյան «Strana.ua» կայքին, բայց նեոբանդերականները շատ զգուշորեն և առանց մանրամասների գրել են, որ «ՌԴ ԱԳՆ-ում Ուկրաինայի կուրատորը պաշտոնաթող է լինում»… Կարելի է միայն ենթադրել, թե արդյո՞ք Կարասինը իրականում վերահսկել է ՌԴ ԱԳՆ աշխատանքի ուկրաինական ուղղությունը, և եթե այո, ապա կոնկրետ ինչպե՞ս է վերահսկել: Մենք չգիտենք, թե արդյո՞ք նա եղել է «փափուկ կոշտության» կողմնակից, ինչպիսին համարվում է Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը, իսկ նա նաև Ուկրաինայի գործով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն է: Ի դեպ, «ինքնիշխան ժողովրդավարություն» հասկացության հեղինակն է, որն ամբողջությամբ ընդունել և իրականացնում է անձամբ նախագահ Պուտինը:

Կամ ենթադրենք՝ Կարասինը Ուկրաինայի գործով կապիտուլյացիայի կողմնակից էր. այս մոտեցումը վերագրվում է մեկ Դմիտրի Կոզակին, մեկ Իգոր Շուվալովին: 2014 թվականից Կոզակը Ռուսաստանի կառավարությունում վերահսկում է Ղրիմի հանրապետությունը և Սևաստոպոլին վերաբերող հարցերը: 2018 թվականի մայիսի 18-ից նրա պատասխանատվության շրջանակներում են ներառվել վառելիքի և էներգետիկայի ոլորտը և արդյունաբերությունը: Իսկ Շուվալովը Ռուսաստանի կառավարության առաջին փոխվարչապետն է: Դե, մենք հակահետախուզություն չենք.  մեզ պետք չէ վարկածներ առաջ բերել, թե ինչ և ինչպես, ռուսներն իրենք  են պարզելու, թե ովքեր ինչի համար են պատասխանատու Ռուսաստանի կառավարությունում կամ առանձին ոլորտային նախարարություններում: Ուզում եմ նշել, որ Կարասինի հրաժարականը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մարմիններում «խաղաղ» սկանդալի ֆոնի վրա, որը կապված է ԱՄՆ ԿՀՎ լրտեսի բացահայտման հետ … Այն էլ, նույնիսկ Ռուսաստանի կառավարության ներսում: Մոսկվայում և Վաշինգտոնում բռնկվել է աղմկահարույց լրտեսական սկանդալ: Ամերիկյան և ռուսական ԶԼՄ-ները ուսումնասիրում են Ռուսաստանի նախկին պաշտոնյա Օլեգ Սմոլենկովի պատմությունը, որը բավականին բարձր պաշտոն էր զբաղեցնում, և, միգուցե, մի քանի տարիների ընթացքում «ամերիկյան հատուկ ծառայությունների ամենաարժեքավոր իրազեկիչն էր»: CNN-ը սեպտեմբերի 9-ին հաղորդել է, որ ԿՀՎ-ը, իբր, 2 տարի առաջ իրականացրել է իր գործակալին Ռուսաստանից հեռացնելու գաղտնի գործողություն, քանի որ դա ձախողման վտանգի տակ էր: Ընդ որում, դրա մեղավորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր:

Ըստ CNN-ի վարկածի, 2017-ի մայիսին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: ԿՀՎ հատուկ գործողության անցկացման մասին որոշումը, ըստ հեռուստաընկերության, կայացվել է հենց այս հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Սիրիային վերաբերող հարցեր: Թրամփը բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ տիրապետում է գաղտնի տեղեկատվության, ինչի մասին Մոսկվայում մարդկանց շատ նեղ շրջանակ գիտեր: Այսպիսով, նախագահը վտանգի առաջ դրեց հուսալի և արժեքավոր գործակալին: Դրանից հետո մշակեցին այդ մարդուն տարհանելու գործողությունը: Արդեն սեպտեմբերի 9-ի երեկոյան, հղում անելով սեփական աղբյուրներին, այս տեղեկությունը հաստատել է նաև The New York Times թերթը: Պարբերականը հայտնել է, որ իր լրագրողները մի քանի ամիս շարունակ վարել են սեփական հետաքննություն: Նրանք հայտնաբերել են, որ գործակալը առնվազն 10 տարի աշխատում էր ԱՄՆ հատուկ ծառայությունների համար: Նրան արդեն երկու անգամ առաջարկել են լքել Ռուսաստանը, սակայն նա հրաժարվում էր: Եվ Թրամփը կապ չունի նրա տարհանման հետ: Այնուամենայնիվ, սեպտեմբերի 10-ին CNN-ը կրկին հաստատեց այն վարկածը, որ հենց ԱՄՆ նախագահն է դրդել ԿՀՎ-ին՝ իրականացնել գործողությունը: Ճիշտ է, այս անգամ հեռուստաալիքը նշում էր, որ Թրամփը փաստացի բացահայտել է գործակալին 2017 թվականի հուլիսի սկզբին, երբ Համբուրգում G20-ի գագաթնաժողովում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Նրանց զրույցը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Դրանից հետո Թրամփն անձամբ վերցրեց իր թարգմանչի բոլոր գրառումներն ու արգելեց բացահայտել բանակցությունների ցանկացած մանրամասն: Այդ ժամանակ դեմոկրատները նախագահին մեղադրում էին Պուտինի հետ գաղտնի գործարք կնքելու մեջ: Բայց այժմ CNN-ը մատնանշում է մեկ այլ պատճառ՝ Թրամփը չէր ցանկանում, որ իրեն մեղադրեն պետական ​​գաղտնիքները բացահայտելու մեջ:

Այս թեմայով հրապարակումների ալիքը Սպիտակ տանն ստիպեց արձագանքել: Նախ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, իսկ հետո՝ ԿՀՎ ղեկավարությունը հայտարարեցին, որ լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են հաղորդել: ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը պնդում է, որ Թրամփը լավ գիտի, թե ինչպես պետք է վարվել գաղտնի տեղեկատվության հետ, որը նա ամեն օր ստանում է: Ամերիկյան ԶԼՄ-ները մեկ օրից ավելի չէին նշում գործակալի անունը: Մինչդեռ ռուսական ԶԼՄ-ները շատ արագ պարզեցին, թե ում մասին է խոսքը: Փախստակ (դավաճան), խլուրդ, լրտես դուրս եկավ  Օլեգ Բորիսովիչ Սմոլենկովը։ Նա ծնվել է 1969-ին, Իվանովոյում: Դիվանագիտական ​​ծառայություն է անցել ավելի քան 20 տարի առաջ: Աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակազմում։ 2000-ականների կեսերին դարձավ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարը: Հենց այնտեղ էլ նա վստահելի փոխհարաբերություններ զարգացրեց Յուրի Ուշակովի հետ, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի պաշտոնը: Այդ ժամանակներից Սմոլենկովը անընդհատ գնում էր Ուշակովի հետևից: 2008-ին երկուսն էլ լքեցին ԱՄՆ-ի մայրաքաղաքը: Ուշակովը նշանակվել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սմոլենկովը անմիջապես աշխատանքի է անցել կառավարությունում: Սկզբում նա ծառայել է որպես գլխավոր խորհրդական, այնուհետև` որպես ՌԴ կառավարության աշխատակազմի ռեֆերենտ: Պուտինի՝ նախագահության աթոռին վերադառնալուց հետո Ուշակովը դարձավ նրա արտաքին քաղաքականության հարցերով օգնականը: Սմոլենկովը աշխատանք ստացավ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչությունում:

Իսկ հիմա՝ ուշադրություն. սեպտեմբերի 10-ին Կարասինի հրաժարականն ու ամերիկյան լրտես Սմոլենկովի ազգանվան բարձրաձայնումը Մոսկվայում հանգեցրել են նրան, որ Թրամփը… պաշտոնանկ արեց իր ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին: Հիմնականը, որ նշում են միջազգային ԶԼՄ-ները այս սկանդալային հրաժարականի կապակցությամբ, այն է, որ Թրամփը լրագրողներին հայտարարել է. «Ջոն Բոլթոնը շատ մեծ սխալներ է թույլ տվել»: Որտեղ և ինչում`լրագրողների և փորձագետների «ֆանտազիաների» թեման է: Իսկ ես տեսնում եմ, որ Կարասինի և Բոլթոնի հրաժարականները փոխկապակցված են որոշակի անտեսանելի թելով, իսկ «ասեղը» հանդիսացավ հանձնված գործակալ Սմոլենկովի գործը: Շարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Դե, Հայաստանում  թե ով ամենաշատը կտխրի Բոլթոնի հրաժարականից ՝ շուտով կտեսնենք…

Սերգեյ Շաքարյանց