Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը`գլխավորությամբ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես բարձր գնահատելով պրն Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը, որոնք նաև նպաստում են երկու ժողովուրդների միջև փոխճանաչողության և կապերի զորացմանը: Նորին Սրբությունը ողջունեց նաև Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի ներկայությունը ու կարևորեց իրականացվող նախաձեռնություններին նրա կողմից բերվող զորակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների միջև եղած ջերմ և սերտ փոխհարաբերություններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ մշտապես աղոթում է Միջին Արևելքում խաղաղության հաստատման և բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի համար:

Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը և պրն Աբու Ֆայսալը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետությունների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: