Աղետալի հետևանքները, որոնցից չենք խուսափի Ամուլսարի մոտ ավերիչ երկրաշարժի դեպքում (տեսանյութ)

Իրականում անտեսված կամ թաքցված են Ամուլսարի մոտ հնարավոր ավերիչ երկրաշարժի աղետալի հետևանքները հանքի շահագործումը թույլատրելու պարագայում։ LIVEnews.am-ի տաղավարում այս և այլ խնդիրների շուրջ է մեր զրույցը Էկոլոգիական գիտությունների և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀԴԿ նախագահության անդամ, Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Հայկ Մելիք-Ադամյանի հետ։

Գիտնականի հավաստմամբ, Ամուլսարում բացի մարդածին, տեխնածին անկառավարելի և անվերահսկելի ռիսկերից, որոնց պարագայում Ամուլսարի շահագործումն անթույլատրելի է, կան նաև բնական ռիսկեր, ֆորսմաժորային հանգամանքներ, որոնցից ամենակարևորը և նշանակալիցը երկրաշարժերի հավանականությունն է։

«Իմ ձեռքում է մի փաստաթուղթ, որն անվանակոչված է «Երկրաշարժի վտանգի գնահատում և սեյսմիկ պարամետրեր․ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տեղամաս, Հայաստան», և որի պատվիրատուն է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը»,- ասաց Հայկ Մելիք- Ադամյանը և հավելեց, որ այդ փաստաթուղթը 2014թ․ ապրիլի 18-ի թվագրությամբ է։

LIVEnews.am-ի հյուրի տեղեկացմամբ, հենց ընկերության պատվիրած փաստաթղթում նշված է, որ Ամուլսարի հանքավայրից 10 կիլոմետր դեպի հյուսիս գտնվում է Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքի 4-րդ սեգմենտը (նկատենք, որ նույնիսկ ուժեղ, էլ չենք ասում ավերիչ երկրաշարժի դեպքում 10 կիլոմետրը հետևանքների առումով տարածություն)։

«Դեպի հարավ-արևելք՝ 14 կիլոմետր, գտնվում է նույն խզվածքի 5-րդ սեգմենտը, իսկ դեպի 20 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Ամուլսարի հանքավայրից, գտնվում է Գառնու խզվածքի 5-րդ սեգմենտը, այսինքն՝ Ամուլսարը երեք խզվածքների միջակայքում է գտնվում, երեք կողմից շրջապատված է ակտիվ խզվածքներով, որոնք, երկրաբանական լեզվով ասած, աշխատող խզվածքներ են»,- շարունակելով տեղեկություններ ներկայացնել նույն փաստաթղթից, ասաց Հայկ Մելիք- Ադամյանը։

Բացի վերը նշվածից, ինչպես տեղեկացրեց գիտնականը, նույն փաստաթղթի համաձայն, վերջին 900 տարում ուժեղ և շատ ուժեղ երկրաշարժերը, ըստ գոյություն ունեցող տվյալների, Ամուլսարի տարածքում կարող էին լինել առնվազն երեք անգամ։ Այսինքն՝ ստացվում է, որ միջինը 300 տարին մեկ անգամ։ Հիշենք, որ Գառնիի ավերիչ երկրաշարժը 1679 թվականին է եղել։ Դարձյալ նույն փաստաթղթի համաձայն, Ամուլսարի տարածքում կարող են լինել մինչև 7,2, իսկ տվյալ փաստաթղթի մեկ այլ հատվածի համաձայն, մինչև 7,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր, ինչը նշանակում է, որ երկրի մակերևույթին կլինեն 10 բալանոց երկրաշարժի հետևանքներ։

Վերոնշյալի պարագայում չկա որևէ երաշխիք, որ Ամուլսարի մոտ ավերիչ երաշարժը չի լինի հանքի շահագործման նախատեսված ժամկետում (10 տարի 4 ամիս) կամ, թեկուզ, դրանից հետո, երբ կշարունակի գոյություն ունենալ թունավոր նյութերով պոչամբարը։

Չկա նաև որևէ երաշխիք, որ թունավոր նյութեր պարունակող պոչամբարի հատակային կավե մեկուսիչ շերտը, եթե նույնիսկ այն իրականում ոչ թե 30 սմ, այլ նախատեսված 3 մետր հաստությունն ունենա, ինչպես նաև կավե շերտի վրա փռված պոլիէթիլենային թաղանթը երկրի մակերևույթի միանգամայն հավանական ճեղքման հետևանքով (հիշենք Սպիտակի և այլ երկրաշարժերի նմանաբնույթ հետևանքները) չեն պատռվի։ Դրանից հետո ծանր ու թունավոր մետաղները, այլ թունավոր նյութեր, ռադիոակտիվ ուրանն ու թորիումը  կթափանցեն երկրի ընդերք, կմիախառնվեն ստորգետնյա ջրերին, որոնց մի մասն Ամուլսարի և հարակից տարածքներում երկրի մակերես է դուրս գալիս աղբյուրների տեսքով, հասնում գետերին կամ գետերը սնուցող վտակներին։ Ավելին․ գիտական հետազոտությունների համաձայն, թունավորված կամ աղտոտված ջրերը կարող են հասնել նույնիսկ Ջերմուկ ու շարքից հանել մեր այդ արժեքավոր հանքային ջուրը, բնականաբար, նաև «Ջերմուկ» առողջարանը, որի գոյությունը դրանից հետո կդառնա իմաստազուրկ։

Ամուլսարի մոտ ավերիչ երկրաշարժի դեպքում նմանաբնույթ աղետալի հետևանքներ են սպասվում նաև կույտային տարալվացման հարթակում երկրի մակերեսի հավանական ճեղքման հետևանքով, ավելին՝ այս դեպքում ստորգետնյա ջրերին կխառնվի նաև խիստ թունավոր նատրիումի ցիանիդը։

Մանրամասները՝ տեսանյութում