Եթե Փաշինյանն Ամուլսարի հարցում արտաքին թշնամու կամքը կատարի, հետևանքները շատ լուրջ են լինելու

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելու իր մտադրությամբ, որը զգացվեց նաև ս.թ. սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետի մի շարք հայտարարություններից, ինչպես նաև Ամուլսարն ապաշրջափակելու նրա կոչից, հակված է կատարելու մեր արտաքին թշնամիների, մասնավորապես`Խորհրդային Միությունը կործանելուց հետո Հայաստանը և հետխորհրդային բազմաթիվ այլ երկրներ կիսագաղութի վերածած ԱՄՆ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, նրա թագուհու կամ քաղաքական որոշակի շրջանակների կամքը: Եվ այդ մասին դեռ անցյալ տարվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի և շահագրգիռ կողմերի հաճախակի հանդիպումները չէ միայն, որ հուշում են:

Բոլորը չէ, որ մոռացել են Ամուլսարի շահագործման առնչությամբ Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները… Դեռ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել էր, որ ներդրողները չեն հասկանա, թե ինչու է Հայաստանի կառավարությունը թույլ տալիս «փակել Ամուլսարի նախագիծը անկեղծ, բայց փոքրաթիվ բողոքի խմբերի պատճառով առանց որևէ իրավաբանական որոշման»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Թռչունների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանն այս կապակցությամբ ասել էր, որ Ռիչարդ Միլսը քաղաքավարի կերպով ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա:

Ադամյանի հավաստմամբ, դեսպանն իր հայտարարությամբ քաղաքավարի ձևով ճնշում է գործադրել Հայաստանի իշխանությունների վրա` նշելով նախագծի փակման դեպքում հնարավոր բացասական հետևանքների մասին: Մինչդեռ, ինչպես նշել է բնապահպանը, Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերն ակնհայտ են, և այդ կապակցությամբ իրենց բողքի ձայնն են բարձրացնում են ոչ միայն բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները, այլև գիտական հասարակության ներկայացուցիչները:

Ըստ Սիլվա Ադամյանի, Ամուլսարի նախագիծը քաղաքական նախագիծ է:

Ռիչարդ Միլսի հիշյալ հայտարարությունից առաջ, 2018թ. հունիսի 14-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի դեսպանի և ՀՀ վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ուշագրավ հանդիպումը: Դեսպանը փոխվարչապետի հետ հանդիպմանը կարևորել էր «Լիդիան Արմենիա» ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագիր իրականացնողի, գործունեության շարունակականության ապահովումը:

Ինչպես այն ժամանակ հայտնեց փոխվարչապետի գրասենյակը, Ավինյանը վստահեցրել է, որ նոր կառավարությունն անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով, իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:

Փաստորեն, Ավինյանն իր խոսքի տերը չեղավ. Ամուլսարի հարցում կառավարությունն անաչառ ուսումնասիրություններ չիրականացրեց` պարզելու համար տվյալ հանքի շահագործման համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, «Լիդիան Արմենիա» ընկերությունում նրա խոստացած ստուգումները չիրականացվեցին, հետևաբար ստուգումների` թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով լինելու մասին ընդհանրապես որևէ խոսք չի կարող լինել: Ընդգծենք, որ ԷԼԱՐԴ-ի կողմից «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ԲՍԱԳ-ի ուսումնասիրությունը, որը շատ հեռու է «Լիդիան Արմենիա» ընկերությունում և նույնիսկ Ամուլսարի հանքավայրում ստուգումներ կազմակերպելուց, նույնպես բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով չի եղել:

Եվս մեկ ուշագրավ մանրամասնություն. նույն հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են նաև Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար (ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին), ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը: Սրանից էլ բացահայտ վկայություն, որ խոսք է եղել յուրօրինակ կաշառքի մասին, այսինքն` կամ ԱՄՆ-ի դեսպանն է հասկացրել, որ եթե ուզում եք ԱՄՆ-ը Հայաստանին մրցունակ համարի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար, բացի այդ, Հայաստանում Միացյալ Նահանգների ներդրումային և դրամաշնորհային ծրագրերը շարունակություն ունենան, ապա ՀՀ կառավարությունն, անկախ ամեն ինչից, պետք է ապահովի Ամուլսարի հանքի շահագործումը, կամ էլ Ավինյանն է փորձել դեսպանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել կամ գուցե ձեռք է բերել` ՀՀ կառավարությունը Ամուլսարի շահագործումը թույլատրելու կամ ապահովելու դիմաց ստանում է այդ ամենը:

ԱՄՆ-ի դեսպանը դրանից հետո տեսնելով, որ Ամուլսարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ինչ-որ փորձաքննություններ են նշանակվում, իշխանությունները հանքավայրը չեն ապաշրջափակում, այսինքն` ձգձգում են այն պայմանների ապահովումը, որը «Լիդիան Արմենիա» ընկերությանը թույլ կտա շարունակել հանքավայրում նախապատրաստական աշխատանքները` այն հանքի վերածելու և շահագործումը սկսելու համար, 2018թ. հոկտեմբերին հանդես եկավ ավելի խիստ հայտարարությամբ. EVN Report-ին տված հարցազրույցում Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել է. «Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»: Դեսպանը նշել էր նաև, որ «Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր»: Թեև Ռիչարդ Միլսը դիվանագիտական խորամանկությամբ ասել էր, որ «սա սպառնալիք չէ», ակնհայտ է, որ նա ՀՀ կառավարությանը, Հայաստանին սպառնացել էր Ամուլսարի շահագործումը թույլ չտալու պարագայում միջազգային (տվյալ պարագայում` արևմտյան) ներդրումների սահմանափակմամբ կամ դադարեցմամբ:

«Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ, և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»,- ասել էր Ռիչարդ Միլսը:

Կարծում ենք, ամերիկյան ճնշումների նույն շարքից է նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օրերս ուղղված դիմումը` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի առնչությամբ: Մեկ հատված հիշյալ պալատի դիմումից.

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա»։

Անդրադառնալով այս հայտարարությանը, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը կոչ է արել վարչապետին՝ «հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել, այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թևը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը»։

«Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից,- նշված է նախաձեռնության կողմից այս կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ:- «Ամուլսարն առանց հանքի» Նախաձեռնությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումը այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ և հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի»։

Նախաձեռնությունն իր հայտարարության վերջում կոչ է արել տարածել այս գրառումը, ինչպես նաև կոչ է արել ակտիվանալ Ամերիկայի հայ համայնքին` նշելով. «Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը»։

Ի դեպ, հիշենք նաև 2013թ. արքայազն Չարլզի ժամանումը Հայաստան, ինչը որոշ բնապահպաններ և քաղաքացիական ակտիվիստներ կապեցին «Lydian International» ընկերության լոբբինգի հետ: «Լիդիան Արմենիան» բրիտանական «Lydian International»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս գործը կամ Հայաստանի դեմ քայլը նոր չէ, որ սկսվել է…

Արթուր Հովհաննիսյան