«Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են». պատասխան Ամուլսարի ճանապարհներն ապաշրջափակելու Փաշինյանի կոչին
Երեկ իր սկզբունքների մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը: Հայտարարության մեջ նշված է.
«1. Մեր պայքարի մեթոդները պետք է լինեն բացառապես խաղաղ, այլապես կհակասենք այն հեղափոխությանը, որը իրականացրել ենք միասին։
- Քանի որ իշխանությունն այսօր հենված է բացառապես ժողովրդի վստահության վրա և իշխանությունը փաստացի շրջանցում է ժողովրդի պահանջը, մենք պետք է հանրային բոլոր խաղաղ մեթոդներով ցույց տանք մեր բողոքն ու դժգոհությունը այս հարցի ներկա լուծման վերաբերյալ։
- Մենք դատապարտում ենք բռնության որևէ քայլ, ցանկացած ուժի կողմից, այդ թվում նաև իշխանության։
- Մենք դատապարտում ենք նաև սադրող, այս պայքարում այլ նպատակներ հետապնդող ուժերի ներգրավվումը։
- Մեր պայքարն արդար է և այն պետք է լինի առավելագույնս թափանցիկ և պարզ։ Պահանջը մեկն է՝ Ամուլսարն առանց հանքի, և մենք պետք է ցուցաբերենք ժողովրդական համախմբվածություն այս հարցի շուրջ։
Խրախուսվում է ցանկացած խաղաղ միջոցառում, որը ուղղված կլինի Ամուլսարի փրկությանը։
Մեր առաջիկա միջոցառումների մասին հավելյալ կտեղեկացնենք։ Խնդրում ենք տարածել հայտարարությունը ի լուր բոլորի»։
Ավելի վաղ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունն արձագանքելով Ամուլսարի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս. թ. սեպտեմբերի 9-ի կոչին, հանդես էր եկել
«ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻՆ» վերտառությամբ հայտարարությամբ.
«Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ: Բացել այն պարագայում, երբ մեր պետության կողմից վստահված միջազգային հետազոտող կազմակերպությունը բաց հայտարարեց բոլորի առաջ, որ Լիդիանի փաստաթղթերը թերի են և ոչ պրոֆեսիոնալ։ Բացել այն պարագայում, երբ մի ողջ առողջարանային քաղաք դեմ է իր հարևանությամբ ունենալու մետաղական հանք։
Մենք պատասխանում ենք այդ կոչին և մեր պատասխանը շատ կարճ է ու հստակ։
– Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ հակառակը՝ ավելի ամրանալու են։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի, Ամուլսարը մնալու է սար։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ․․․
Իսկ հիմա մենք հանդես գանք կոչով, որը ուղղված է այս խնդրով մտահոգ բոլոր հայերին։ Եկեք իրականացնենք ժողովրդական ուժերի միավորում և կանգնենք Ջերմուկում ապրող մեր հայրենակիցների թիկունքին, համայն հայությամբ։
Առաջին քայլը՝ տարածեք այս հայտարարությունը, թող բոլորը տեսնեն և պայքարին միանալու իրենց համաձայնությունը տան հավանումների ու կիսումների միջոցով։ Թող բոլորը տեսնեն ու զգան մեր քանակը, մեր միասնականության ուժը։
Հ․Գ․
Մեր գալիք քայլերը կմշակենք և կհամակարգենք էջի միջոցով, սպասեք գալիք հայտարարություններին, առաջարկները կարող եք գրել մեկնաբանություններում։
Չենք մոռանում կիսվել և տարածել այս` բոլորիս հայտարարություն-պատասխանը վարչապետին»։