ԱՄՆ-ը այլևս չի խաղում Եվրոպայի պաշտպանի դերը․ Մերկել

Միացյալ Նահանգներն այլևս ինքնաբերաբար չի պաշտպանելու Եվրոպային, և նա պետք է ավելի շատ ջանքեր գործադրի իր սեփական անվտանգությունն ապահովելու համար: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

Մերկելի խոսքով՝ ԱՄՆ գերտերություն է «և՛ ռազմական, և՛ տնտեսական առումներով»: «Եվրոպան իր արժեքներով կապված է այս գերտերության հետ։ Չնայած ունեցած տարակարծություններին, կան նաև շատ ընդհանրություններ, բայց այլևս չկա այն ավտոմատիզմը, որ, ԱՄՆ-ը, ինչպես Սառը պատերազմի տարիներին, կխաղա Եվրոպայի պաշտպանի դերը»,- ասել է Մերկելը և ընդգծել,- այստեղ անհրաժեշտ է Եվրոպայի  ավելի նշանակալի ներդրումը»:

Կանցլերը նաև շեշտել է, որ «այս քննարկումները [Գերմանիայի խորհրդարանում] տեղի են ունենում աշխարհում լուրջ փոփոխությունների և ուժերի տեղաշարժի պահին»: