Երկրաշարժի հետցնցումների քանակն զգալի նվազել է․ օջախի էներգիան պարպվում է

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ գիշերը երկրաշարժի օջախում երկու թույլ ցնցում է արձանագրվել և օջախի էներգիան պարպվում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․«Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է և ցույց է տալիս, որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժն զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:

Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում: