Ամուլսարի հարցում վարչապետը և իր թիմից ոմանք նման են աերոբուսի ղեկին նստած գինեկոլոգի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում   հայտարարեց, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Միանգամից նշեմ, որ վարչապետը կամ բանից անտեղյակ է, ինչը սովորաբար բնորոշ է բոլոր նրանց, ովքեր Քաջ Նազարի պես տիրանում են երկրի ղեկավարի գահին կամ աթոռին, կամ պարզապես ստում է:

Իրականում Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու բազմաթիվ իրավական հիմնավորումներ կան, ընդգծում եմ`ՀՀ իշխանության համապատասխան մարմինների կողմից չհերքված հիմնավորումներ, որոնք թեև նախկինում բազմիցս ներկայացվել են, սակայն առանձնապես ուշ հասկացողների համար առաջիկայում դարձյալ կներկայացվեն, քանի որ խնդիրը վերաբերվում է Ամուլսարի հանքը շահագործել- չշահագործելուն, այլ կերպ ասած`Հայաստանի լինել-չլինելուն:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բանից խայտառակության աստիճանի անտեղյակ են, անառարկելի փաստ է: Այդ կապակցությամբ ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ.

2019թ․ օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պարզել` Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այդպիսի հանձնարարական տալը նշանակում է, որ այդ պահի դրությամբ վարչապետը չուներ տվյալ ոլորտին առնչվող նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ:

Խնդիրն այն է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, որն, ի դեպ, բավական թանկարժեք գործողություն է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կամ պետական որևէ այլ մարմին չէ, որ պետք է կատարեն, նրանք չունեն այդպիսի լիազորություն, դա զուտ հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» մասնավոր ընկերության խնդիրը և որոշելիքն է: Այսինքն` եթե ցանկանում է, անհրաժեշտ է համարում, կարող է պատվիրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և փորձաքննության ներկայացնել նոր ՇՄԱԳ հաշվետվություն, եթե ոչ` ոչ:

Վարչապետը կարող էր և ՀՀ շրջակա միջավայրի նախարարին վաղուց պետք է բոլորովին այլ հանձնարարական տար` պարզել, թե արդյոք կա՞ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկը` «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 29.04.2019թ. թիվ ԲՓ-35 դրական եզրակացությունը (Պետական փորձաքննական եզրակացություն) ուժը կորցրած ճանաչելու համար:

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի 2-րդ մասի 5-րդ կետի հիմքով, փորձաքննական դրական եզրակացությունը պարտադիր (իմպերատիվ) կարգով  ուժը կորցրած ճանաչվում, եթե փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ: Անվիճելի է, որ Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ տրված փորձաքննական եզրակացությունից հետո ի հայտ են եկել հենց էկոլոգիական նոր գործոններ, որոնցից է, օրինակ, բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի ռիսկը: Ի հայտ են եկած էկոլոգիական մյուս նոր գործոնները, որոնք նույնպես հիմք են հիշյալ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար, կներկայացնենք առաջիկա հրապարակումներով:

Որ ինքը սխալվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարելով պարզել Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը, իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի սկզբում խոստովանեց նաև վարչապետը: Ահա թե ինչ ասաց Փաշինյանը` ներկայացնելով, թե Ամուլսարի խնդրի առնչությամբ ուր են հասել.

«Առաջինը հիշում եք, որ ես իմ ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էի, որ շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել եմ պարզել, թե Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ կա՞, արդյոք, ի հայտ եկած նոր հանգամանքների բերումով, ԷԼԱՐԴ-ի եզրակացության բերումով կա՞, արդյոք, նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնելու համար հիմք կամ անհրաժեշտություն: Ինչպես և հիշում եք, մինչև սեպտեմբերի 4-ը ժամանակ էի տվել շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի այդ հարցի պատասխանը ստանա: Եվ այդ հարցի պատասխանը մենք ստացանք  և քննարկեցինք մի քանի անգամ աշխատանքային ֆորմատներով, և քննարկման արդյունքը հետևյալն էր, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդհանրապես չկա ոչ մի մեխանիզմ, որի իմաստը լինի վարչական որոշմամբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն արձանագրելը: Նկատի ունեմ, ասենք, այդպիսի մեխանիզմ չկա, որ նախարարը որոշի, որ ուղղակի վերցնի, վարչական որոշմամբ ասի, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի»:

Այժմ դեռ մի կողմ թողնենք այն, որ դրանից անմիջապես հետո Փաշինյանը սկսեց անկապ բաներ խոսել, հանդես գալ օրենսդրության անկապ մեկնաբանությամբ, և ընդամենը հռետորական մի հարց տանք` ՀՀ վարչապետը մինչև շրջակա միջավայրի նախարարությանը հիշյալ հանձնարարականը տալը չպե՞տք է իմանար, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդհանրապես չկա ոչ մի մեխանիզմ, որի իմաստը լինի վարչական որոշմամբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն արձանագրելը: Ինքը չգիտեր (թեև նույնիսկ բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները դա գիտեին), ՀՀ շրջակա միջավայրի նախարա՞րն էլ չգիտեր, որ վերոնշյալ նպատակով ընդհանրապես որևէ մեխանիզմ գոյություն չունի ՀՀ օրենսդրությամբ, որ այդ մասին վարչապետի հանձնարարականից անմիջապես հետո հայտարարեր: Մի՞ թե դա պարզելու խնդիր էր, որի համար օրեր պահանջվեցին…

Պատկերացնո՞ւմ եք, թե վարչապետի օգոստոսի 29-ի հիշյալ հանձնարարականը լսելով որքան են զարմացել ու ծիծաղել «Լիդիան Արմենիա» ընկերությունում, ինչպես նաև այդ ընկերության հետևում գտնվողները, որոնք արտերկրում են նաև: Ամենայն հավանականությամբ, ծիծաղել են նաև Փաշինյանի երեկվա խոստովանությունը լսելով: Մի բան ակնհայտ է` հանրապետության համար բախտորոշ խնդիրների լուծումն անցել է այնպիսի պաշտոնյաների, որոնք նման են աերոբուսի ղեկին նստած գինեկոլոգի: Հետևանքները, կարծում ենք, բացատրելու կարիք չկա:

Արթուր Հովհաննիսյան