Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողով

Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդեն և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրեցին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում, կազմակերպել տարբեր մրցություններ, որտեղ միմյանց կհանդիպեն տարբեր երկրների զինված ուժերի զինծառայողները, կմրցեն տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար ապահովել մշակութային իրազեկվածություն մյուս երկրերի վերաբերյալ, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։ ,Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդեն: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր: