Դամասկոսը դատապարտել է իր տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի պարեկային գործողությունները

Սիրիայի իշխանությունները դատապարտել են երկրի հյուսիսում պարեկային հերթապահություն իրականացրած Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունները։

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Սիրիայի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Սիրիայի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով իրականացված պարեկությունը երկրի ինքնիշխանության բացահայտ ոտնահարում է»։

Թուրք-ամերիկյան ուժայինների համատեղ արված այդ քայլը Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ որակվել է որպես Սիրիայի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները Եփրատ գետի արևելքում առաջին անգամ ցամաքային համատեղ պարեկություն են իրականացրել։ Այդ գործողությունը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կառուցելու թուրք-ամերիկյան նախաձեռնության նախնական փուլերից մեկն է։