Այս պահի դրությամբ գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել. Արցախի ԿԸՀ

ԱՀ 228 համայնքներում ՏԻՄ ընտրությունների համար ստեղծված էր 278 ընտրական տեղամասեր, որտեղ ընդգրկված էին 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

Նրա խոսքով՝ բոլոր թեկնածուներն ունեին վստահված անձինք, իսկ 334 մարդ էլ իրականացնում էր դիտորդական առաքելություն:

«Ընտրական հանձնաժողովները գերծանրաբեռնվածությամբ աշխատանք են իրականացրել՝ ձգտելով ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քվեարկությունն անցնի արդար և թափանցիկ,- ասել է Ե. Արզումանյանը:- Կային բացթողումներ, սակայն ոչ տարածքային ընտրական, և ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովներում այս պահի դրությամբ գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել»: Այնուհետև բանախոսը նշել է, որ 100-ից ավելի ահազանգեր է ստացել ԿԸՀ-ը, առավել շատ ահազանգեր ստացել են տարածքային ընտրական հանձնաժողովները՝ տեղամասերից: «Բոլոր ահազանգերին տրվել են համապատասխան լուծումներ»,-ավելացրել է Ե. Արզումանյանը: