ՆԱՏՕ-ն նախատեսում է դիվերսիոն հետախուզական գործողություններ ՌԴ դեմ

Օրերս տարօրինակ տեղեկություն հնչեց էստոնական ERR հեռուստատեսության «Օչևիդեց» («Ականատես») հաղորդման ժամանակ: Իբր թե Էստոնիայի տարածքում գործում է գաղտնի ռազմակայան, որտեղ մարզվում են ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատայինները: Լրագրողների տեղեկություններով՝ ուսումնական բազան կառուցվել է 2014 թվականին: ՆԱՏՕ-ի զորքերի գումարտակային խմբավորումներից մեկը տեղակայված է Տապա քաղաքում, սակայն այս երկրում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի տեղակայման մասին նախկինում հայտնի չէր: Գաղտնի օբյեկտը բացահայտելուն օգնել են Պենտագոնի փաստաթղթերը, որոնք պարունակում էին «հատուկ օբյեկտի» կարիքների համար Էստոնիային ավելի քան 15 մլն դոլար հատկացնելու դրույթ: «Օչևիդեց»-ի լրագրողներին թույլատրվեց մուտք գործել գաղտնի օբյեկտ՝ դրա գտնվելու վայրը չբացահայտելու պայմանով: ԱՄՆ բանակի գնդապետ, Եվրոպական հատուկ նշանակության ստորաբաժանումների ավագ սպա Քևին Ստրինգերը հայտարարել է, որ այժմ ամերիկացիները բազայում մարզվում են էստոնացիների հետ: Ճգնաժամային իրավիճակում հատուկ նշանակության ուժերի հրամանները ստացվելու են Վաշինգտոնից: «Էստոնիայում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ենթարկվում են Շտուտգարտի Եվրոպական հատուկ գործողությունների հրամանատարությանը: Այսինքն՝ Եվրոպայում հրամանատարության միջոցով նրանք ենթարկվում են ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությանը»,- բացատրեց գնդապետ Ստրինգերը:

Նշեմ, որ ապրիլին Լեհաստանում և Ռումինիայում Էստոնիայի դեսպան Էրիկ Մարմեյը հայտարարել էր, որ Տալինը կողմ է Բալթյան բոլոր երեք հանրապետություններում ԱՄՆ կանոնավոր ռազմական ռոտացիոն ներկայության ապահովմանը: Լիտվայի արտաքին գործերի նախարարության տրանսատլանտյան հարաբերությունների և անվտանգության քաղաքականության վարչության պետ Ռայմոնդա Մուրմոկայտեն նույնպես կոչ է արել ամերիկացիներին ուժեղացնել իրենց ռազմածովային և ռազմաօդային ուժերը տարածաշրջանում: Եվ հանրահայտ է, որ ամերիկյան ռազմական ներկայությունն առկա է բալթյան բոլոր երեք հանրապետությունների տարածքում, քանի որ նրանք բոլորը ՆԱՏՕ-ի անդամ են: Հայտնի է նաև, որ 2016 թվականից ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Ռուսաստանի «զսպման» պաշտոնական ռազմավարությանը. լրացուցիչ գումարտակներ են տեղակայվել Լեհաստանում և Բալթյան երկրներում: 2018-ին ՆԱՏՕ-ն ամրապնդեց իր խմբավորումը Լիտվայում և Լատվիայում:

Սակայն Ռուսաստանում շատ քննադատաբար են վերաբերվել էստոնական հաղորդագրությանը: «Ռոսիա թուդեյ» (RT) հեռուստաալիքի լրագրողները մատնանշեցին էստոնական հեռուստաալիքի «հետաքննության» անհամապատասխանությունները ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի պատրաստման գաղտնի բազայի՝ երկրում մշտական ​​ներկայության վերաբերյալ: RT տելեգրամ-ալիքի հրապարակման մեջ նշվում է, որ Վաշինգտոնի կողմից 15,7 մլն դոլար գումարի հատկացումը Տալինին՝ «հատուկ օբյեկտի» կարիքների համար, հանրային տիրույթում է, սա գաղտնի փաստաթուղթ չէ: Էստոնացի լրագրողները պնդում են, որ նրանց հաջողվել է գտնել այս բազան, բայց նրանք իրավունք չունեն բացահայտել դրա գտնվելու վայրը: Ավելի զարմանալին այն է, որ հեռուստաընկերությանը թույլատրվեց նկարահանել «գաղտնի» օբյեկտի ճակատային հատվածը, հայտնում է RT-ն: Բացի դրանից, ամերիկացի գնդապետ Ստրինգերը «հավեսով» մեկնաբանել է հատուկ նշանակության ուժերի բացահայտումը: RT-ի հրապարակման մեջ եզրակացությունը թերահավատ է. «Ինչ-որ բան հուշում է, որ էստոնացիների «հետաքննությունը» հավանություն է ստացել Պենտագոնի կողմից»:

Այս երկու տեղեկությունները վերլուծելուց հետո մի շարք հարցեր են առաջանում․

1) Եթե ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի ուսումնական բազան գոյություն ունի 2014 կամ 2016 թվականից, ապա ինչո՞ւ են լռել այդ մասին, բայց որոշեցին լուսաբանել այս հարցը 2019 թվականի սեպտեմբերին:

2) Ի՞նչը ստիպեց ԱՄՆ Պենտագոնին հավանություն տալ «հատուկ օբյեկտի» մասին «գաղտնիքի բացահայտմանը» հենց 2019-ին, և ինչո՞ւ էստոնացիները պատրաստակամորեն օգնեցին ամերիկացիներին այս հարցում:

3) Կոնկրետ ինչպե՞ս են արձագանքել Ռուսաստանի բանակի և նավատորմի ռազմական մարմինները, երբ, անկախ նրանից, թե երբ իմացան ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի գաղտնի ռազմակայանի մասին, ըստ էության, Ռուսաստանի Դաշնության երկրորդ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի «քթի տակ»: Այս հարցերի պատասխանները չստանալով`ոչ մի փորձագետ-վերլուծաբան չի կարողանա հուսալիորեն գնահատել սպառնալիքի աստիճանը: Ճիշտ է, եթե համադրենք էստոնական հեռուստալրագրողների հաղորդագրությունը այն հաղորդագրությունների հետ, որ Դոնբասում (բանդերականների կողմից օկուպացված Նովոռոսիայի տարածքի մի մասը) 2015-16թթ. ստեղծվել էին գաղտնի ռազմակայաններ, որոնց վրա արևմտյան ռազմական հրահանգիչները պատրաստում են բանդերական մարդասպաններին և ահաբեկիչներին, ապա եզրակացությունը պարզ է: Ի վերջո, չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հատուկ ջոկատայինները նույնպես «մարզվեն» Նովոռոսիայի օկուպացված մասում գտնվող ռազմակայաններում: Հատուկ ջոկատները հաճախ օգտագործվում են հավանական ռազմական թշնամու տարածքում հետախուզական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար: Այսպիսով, որոշակի տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն նախատեսում է իր դիվերսիոն հետախուզական գործողությունների երկու ուղղություն`դեպի Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով: Հետաքրքիր է՝ ինչպես Արևմուտքին կպատասխանի (կամ՝ արդեն պատասխանում է) Ռուսաստանը այս ուղղություններում:

Սերգեյ Շաքարյանց