Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում ավարտվել են. ԱՀ պետնախարար

Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են,-մանրամասնել է պետնախարարը:- Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ, դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար»:

Անդրադառնալով հարցին, թե որքան գումար է հատկացվել Թալիշի վերակառուցման համար, պետնախարարն ասել է.

«Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտավորապես այդքան գումար էլ Համահայկական հիմնադրամից միջոցներից, այնպես որ, վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով բանակում սննդակարգի փոփոխությանը՝ նախարարն ասել է, որ  այցելել է այդպիսի մի զորամաս, որտեղ արդեն նոր եղանակով է ապահովվում սննդամթերքը, զինվորների հետ ճաշել  է, բավականին տպավորված է:

Գրիգորի Մարտիրոսյանը հիշեցրեց,  որ սննդի մատակարարումը չի իրականացվում Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին, դա պաշտպանության ընդհանուր ծախսերի շրջանակում է իրականացվում: